Դեկտեմբերի 26-ին Արարատի Մշակույթի տանը տեղի ունեցավ Ս. Ծննդյանը նվրված միջոցառում: Միջոցառումը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր ԱՀԹ Արարատի ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Դավիթ քահանա Սահակյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը, Արարատի տարածաշրջանի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Մինաս Հովակիմյանը, Արարատ քաղաքի դպրոցների տնօրենները և շուրջ 140 աշակերտ:
Հանդիսությունը տեր հոր նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև ելույթ ունեցան Արարատի թիվ 4 դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով «Անառակ որդու վերադարձը» ավետարանական առակը: Օրեր առաջ այդ ներկայացումն արժանացել էր «Հայրապետական» մրցանակի՝ ճանաչվելով լավագույնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի նախաձեռնած՝ «Ավետարանական առակները դպրոցում» մրցույթում: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ բեմադրությունը կցուցադրվի նաև այլ բեմերում:
ԱՀԹ Արարատի ս. Հակոբ եկեղեցու համայնքի կողմից տեր հայրը բոլոր երեխաներին նվիրեց ամանորյա նվերների փաթեթներ և օրհնված խաչեր: Թեմի բարեգործական գրասենյակը նվերներ էր պատրաստել Արարատի թիվ 4 դպրոցի այն աշակերտների համար, ովքեր մասնակցում էին ներկայացմանը: