«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալ Տերն է»
Ղուկաս 2. 10-11
Հոգեպարար ցնծություն, ուրախություն, բերկրանք ու նորոգություն…
Ժամանակի հոլովույթներին չենթարկվող, խորախորհուրդ այս զգացումներով է համակել մեզ նոր՝ 2015 թվականը, քանզի նորից ու նորովի լույս աշխարհ է եկել համայն մարդկության միակ Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս:
Աստծո տիեզերածավալ սիրո բյուրեղ Բեթղեհեմի լույսը մշտապես բացեց նոր երկինքներ մեղքերի մեջ ունայնացած մարդու համար և դարձավ մարդ-վերածնունդի Մեսիան:
Առատ մարդասիրությամբ և անհուն ողորմությամբ մեր Տերն Իր սերը ծառայությամբ նվիրաբերեց մեզ: Նա սիրեց ու ծառայեց…
Սիրելինե՛ր,
Մեր աղոթանվեր մաղթանքներն ու օրհնություններն ենք հղում Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Թո՛ղ յուրաքանչյուր ժամ, օր, տարի Սուրբ Ծնունդ լինի Քրիստոսասեր մեր կարոտյալ հոգիներում:
Թո՛ղ Սերն ու նվիրումը, ծառայասիրությունն ու գթասրտությունը, հույսն ու բարձրաթռիչ հավատքը բարեզարդեն մեր կյանքը՝ պտղաբերելով Աստվածաստեղծ և Աստվածապատկեր քրիստոնյաներ:
Թո՛ղ Երկնային Տիրոջ Բարեխնամ Աջը Բեթղեհեմյան հավերժական լույսի մեջ պանծացնի Էջմիածնասիրտ Հայաստան աշխարհը և հայ ժողովրդին:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի,
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս: