Ս. Ծնունդյան ճրագալույցի ս. պատարագ՝ Տ. Նավասարդ արքեպիկոպոսի հանդիսապետությամբ: Ներկա էր երկրի Նախագահը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Ծնունդյան ճրագալույցի ս. պատարագ՝ Տ. Նավասարդ արքեպիկոպոսի հանդիսապետությամբ: Ներկա էր երկրի Նախագահը

Ս. Ծնունդյան ճրագալույցի ս. պատարագ՝ Տ. Նավասարդ արքեպիկոպոսի հանդիսապետությամբ: Ներկա էր երկրի Նախագահը

Այսօր՝ հունվարի 5-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան ճրագալույցի ս. պատարագ մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Նարեկ վարդապետ Ավագյանն էր: Ս. պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

 

Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի ս. պատարագ:

 

Հավարտ ս. պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ տնօրհնեքի արարողություն կատարվեց:

 

*****

 

Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:

 

Քանի որ Ս. Ծննդյան տոնին նախորդում է պահքի շրջանը, հավատացյալներից շատերը պահքից դուրս են գալիս Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Ս. Հաղորդություն ստանալով:

 

Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»:

 

Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

 

Ս. Պատարագի ավարտին կկատարվի ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-01-05
×