Հունվարի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Արգավանդի ս.Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ խորագրով միջդպրոցական մրցույթների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Հաղթող երեխաները ստացան Մանկական Աստվածաշունչ, Հոգևոր խրատանիներ, օրհնած խաչեր և այլ մրցանակներ: Խրախուսական մրցանակներ ստացան մրցույթի մասնակից բոլոր աշակերտները:
Արգավանդի ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի համակարգմամբ եկեղեցու երիտասարդաց միությունն ու ծխական համայնքն արդեն հինգերորդ տարին է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջդպրոցական մրցույթներ է կազմակերպում Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Ղուկասավան, Խաչփար գյուղերի դպրոցների միջև: Այս նախաձեռնությանն աջակցում է «Խորան» կրթամշակութային հիմնադրամը: Միջդպրոցական մրցույթները անց են կացվում չորս տարիքային խմբերի՝ փոքր, կրտսեր, միջին և ավագ դպրոցի սաների միջև:
«Սուրբ Ծնունդ և Ամանոր» խորագրով մրցույթը բազմազան էր և աշակերտներն իրենց ընդունակությունները կարող էին ցույց տալ տարբեր բնագավառներում. շարադրություն, նկարչություն, տոնական սեղանի և դպրոցի ձևավորում, բացիկների, մսուրի պատրաստում, ինտելեկտուալ խաղեր և այլն:
Մրցույթի անցկացման նպատակը երեխաների քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցու հետ նրանց կապն ամրապնդելն է: