Տնօրհնեք ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնում

Տնօրհնեք ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնում

Հունվարի 12-ին ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ.Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ այցելեց Հայ Օգնության Ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն: Նրանց դիմավորեցին տնօրեն Միռա Անտոնյանը, աշխատակիցներն ու կենտրոն հաճախող երեխաները:


Շնորհավորելով նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ տեր հայրը մասնավորապես ասաց. «Աղոթենք որպեսզի Տերն իր օրհնությամբ պահի այս հաստատությունը, բոլոր այն աշխատողներին, ովքեր հոգ են տանում երեխաների նկատմամբ: Աղոթենք, որպեսզի աղն ու հացը երբեք չպակասի այս հաստատությունից և Աստված յուրաքանչյուրին իր հոգևոր շավիղների մեջ պահի»:


Սուրբ Ծնդյան տոնից հետո Տ. Աշոտը միշտ տնօրհնեքի կարգ է կատարում այստեղ: Այս անգամ էլ բոլորը սիրով սպասում էին արարողությանը: Օրհնելով հացը, աղը, ջուրն ու գինին՝ տեր հայրն օրհնեց նաև հաստատությունը և այդտեղ աշխատող ու հաճախող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամներին: 


Տնօրհնեքի արարողությունից հետո երիտասարդաց միությունը ցուցադրեց Հիսուսի Հրաշափառ Սուրբ Ծնունդը պատմող բեմադրություն: Ներկայացումից հետո միության հրավերով երեխաներին այցելեց նաև Ձմեռ Պապն իր տոնական նվերներով: Կենտրոն հաճախող երեխաներն էլ երգեցին ու ասմունքեցին հյուրերի և Ձմեռ Պապի համար:


ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը շուրջ հինգ տարի առաջ Տ. Աշոտին նշանակել է ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր հովիվ: Ամեն շաբաթ նա այցելում է, հոգևոր դասեր, զրույցներ անցկացնում երեխաների հետ: Կենտրոնը ներկայումս ունի 3-18 տարեկան 19 սան: Այս թիվը փոփոխական է: Կենտրոնն աշխատում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ, զբաղվում նրանց դաստիարակության, կրթության, սոցիալական խնամքի հարցերով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-11-22
×