«Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն

«Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն

«Պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականի, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա». Տ. Նավասարդ արքեպիսկոպոս

 

Այսօր ՝ հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունենցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն:


Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ, հյուրեր:


Միջոցառումը Տ. Նավասարդ սրբազան հոր նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին՝ մասնավորապես ասելով. «Ողջունում եմ պարոն քաղաքապետին, նաև աշխատակազմին: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այս համագործակցությունը ձեր երիտասարդական կառույցների և մեր հոգևոր կառույցների միջև արգասաբեր է:


Ես երիտասարդներին եմ հատկապես ուզում խոսքս ուղղել: Կար ժամանակ, երբ որ երբեմն- երբեմն մտահոգություն էր առաջանում մեր մեջ, մեր ընտանիքում: Իմ հայրը Կոստանդնուպոլսում է ծնվել և բեկված ծառի ճյուղերից էր, ինչպես բոլոր մեր ընտանիքների մեջ, եթե նայենք, մի ճյուղի տերև կգտնենք այդ տոհմածառում, որը եղեռանազարկ է եղել: Խորհրդային շրջանում դպրոցներում, միջավայրերում չէինք խոսում Եղեռնի մասին:


Եվ մտահոգություն կար, որ դա կարող է դառնալ ընդհամենը մի հուշ և ժամանակի ընթացքում մենք կապրենք մեր առօրյա հոգսերով և Մեծ Եղեռնի զարկերակը չենք զգա: Երբեմն այդպիսի մտահոգություններ եղել են մեր պատանեկության շրջանում: Բայց 65 թվականից հետո իրավիճակը փոխվեց և Եղեռնի 50–րդ տարելիցի առիթով մեր ժողովուրդը, որքան հեռացավ 15 թվականից, այնքան արթնացավ իր գիտակցության հոգևոր աշխարհի մեջ մեջ Եղեռնի խորհուրդը:


Եվ սա զարմանալի մի երևույթ է, երբ որ հիշատակն ազգն ըմբռնում է հետևյալ կերպ՝ մահով կարելի է հաղթել մահվան, ի պատիվ մեր քրիստոնյա ազգի: Եվ այդ մտասևեռումով տեղի ունեցավ, այո, մեր Արցախյան ազատագրական պայքարը: Եվ մինչև հիմա մենք շարունակում ենք դեռ գտնվել այդ պայքարի ընթացքի մեջ: Մենք պետք է ոգեկոչենք Եղեռնի նահատակներին, որպեսզի նրանք մեզ ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն: Մենք այդ հավատքը պետք է մեր սրտի մատյանում գրանցենք:


Այսպիսի զգացողություն կա իմ մեջ և եթե մեր երիտասարդները այս 9-րդ միջոցառումը կազմակերպում են Եղեռնի 100 ամյա տարելիցին ընդառաջ գնալով, ուրեմն նրանց հոգու միջի կոչնակներն իրենց ձեռքին է գտնվում. երբ որ քաշեն կոչնակը զանգը կզարկի և այդ ղողանջները կտարածվեն իրենց էության մեջ: Ուրեմն պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականի, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա:


Այս երիտասարդներն այդ զանգերը ղողանջելով՝ միշտ պատրաստ կլինեն շարունակելու մեր դատը՝ իմացական, հոգևոր և նաև ֆիզիկական: Այս բոլորն էլ պայքարին բնորոշ են, պայքարի ձևեր են : Հիմա մեր երիտասարդները այս միջոցառումները կազմակերպելով մի կաթիլ քրտինք շաղախում են այդ ոգեկոչման խորհրդին և դրանով իսկ ներգրավված ենք լինում այդ խորհրդի պատգամված կամ թելադրված առաքելությանը: Այդ առաքելությունը շարունակական ընթացք պետք է ունենա և սերնդեսերունդ փոխանցվի և կրակը միշտ բորբոք մնա, անշեջ մնա, եթե ուզում ենք մենք մեր նահատակների իդեալները կյանքի կոչենք երբևիցե:


Այստեղ կան նկարներ, որոնք խոսում են մշակութային ցեղասպանության մասին: Անիի Մայր Տաճարը, Աղթամարի Սուրբ Խաչը, Մշո Սուլթան Սուրբ Կարապետը, Հովվի կամուրջը, Մշո դաշտը, Կարսի միջնաբերդը… Մեկ խոսքով դրանք կանգուն են, բայց հայի շունչը պակասել է: Այստեղ հավաքվելով մենք պետք է այդ շնչառությունը գոնե տեսականորեն հաղորդենք, որպեսզի դա մի օր դառնա առարկայական:


Ես շնորհավորում եմ մեր երիտասարդներին այս նախանձախնդրության, նախաձեռնությունների համար և ոգևորում եմ իրենց, որպեսզի այս տարելիցը մեր նահատակներով ուժ և եռանդ տա իրականացնելու համար մեր երազանքները:


Շնորհքը, սերը, խաղաղությունը և Աստծո մարտակից ոգին թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:


Ճեմասրահում ցուցադրված էր Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկար, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: 24 թիվն ընտրված էր խորհրդանշորեն:


Սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է, որ երիտասարդները կազմակերպում են Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ: Ծրագրի ընթացքում ամեն ամսվա 24-ին երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը: Նրանք իրենց միջոցառումների ընթացքում արդեն անդրադարձել են 1 ու կես միլիոն զոհերին, 4000 նահատակ հոգևորականներին և 700-ից ավելի մտավորականներին. ընդհանրական աղոթք ու հոգեհանգստյան կարգ կազմակերպել նրանց հիշատակին:


Այսօրվա միջոցառումը նվիրված էր ցեղասպանության մեր մշակութային զոհերին՝ մեր վանքերին, եկեղեցիներին ու կոթողներին, որ ցայսօր գերեվարված են ու փշուր-փշուր կորստի են մատնվում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-01-26
×