Ս. Սարգսին նվիրված ցուցադրություն Գեղագիտության ազգային կենտրոնում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Սարգսին նվիրված ցուցադրություն Գեղագիտության ազգային կենտրոնում

Ս. Սարգսին նվիրված ցուցադրություն Գեղագիտության ազգային կենտրոնում

Այսօր՝ հունվարի 30-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը:

 

Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց՝ «Այսօր մենք գտնվում ենք հեքիաթային մի աշխարհում: Այս երեխաների աչքերով մենք նորովի վերարթնացնում ենք ս. Սարգիս կերպարը մեր մեջ: Իրենց հասակում մեզ հեռացրել էին ս. Սարգսից: Մեզ թելադրված հերոսներ էին մեր մտապատկերում ուրվագծվում: Բայց ս. Սարգիսը դարերի միջից վերհառնեց, և մեզ հետ միասին այսօր երիտասարդների սիրո արագահաս բարեխոսը իր տոնակատարումն ունեցավ այս փոքրիկ իշխանիկների հոգիների մեջ: Նրանց աչքերով մենք տեսնում ենք վերարթնացած սիրո արագահաս բարեխոսի պատկերները իրենց կտավների վրա: Պետք է լսել այս երեխաներին. նրանք հետաքրքիր փիլիսոփայության մեջ են ապրում, ապշելու ընկալում ունեն իրենց շրջակա աշխարհի ու երևույթների հանդեպ: Ափսոսում եմ, որ քիչ առաջ նրանց մեկնաբանությունները, իրենց նկարների բացատրությունները միայն ինձ մոտ մնացին: Փոքրիկ Մարտիրոսին հաճախ կտեսնենք իրենց հասակակիցների գործերի մեջ: 1700 տարուց ավել է անցել, բայց ս. Մարտիրոսին չենք մոռանում: Թող ս. Մարտիրոսը լինի ձեզ համար բարեխոս, որպեսզի կատարվեն ձեր երազանքները»:


Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կենտրոնի սաների անսովոր ու գեղեցիկ աշխատանքները, որոնք նվիրված են ս. Սարգսի տոնին, արդեն չորրորդ տարին ներկայցնում են հանրությանը:
 

Շաբաթներ շարունակ 6-15 տարեկան պատանիներն աշխատելով իրենց ուսուցիչների հետ՝ ստեղծել էին իսկական գլուխգործոցներ: Նրանք հանդիպում են Տ. Նավասարդ Սրբազանի, թեմի քահանաների հետ, լսում սրբի մասին պատմություններ, սիրո ու նվիրումի մասին զրույցներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքներում լավագույնս ներկայացնել ազգային կերպարներ:
 

Ամեն տարի թեմը մասնակիցներին նվեր է պարգևում՝ ստեղծագործական այս աշխատանքների կատալոգը տպագրելով: Այս տարի կատալոգից բացի թեմի կողմից նվեր կստանան նաև պրոֆեսիոնալ համակարգիչ, որով կենտրոնի սաները կկարողանան ձևավորել ոչ միայն այս տարվա կատալոգը, այլ նաև շատ ուրիշ աշխատանքների ժողովածուներ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2014-01-30
×