Մանուկների բերանից հնչող օրհնությունները

Մանուկների բերանից հնչող օրհնությունները

Փետրվարի 1-ին ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» մանկական երգչախումբը Հայաստանի ազգային պատկերասրահի Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի անվ. տուն-թանգարանի մասնաճյուղում ելույթ ունեցավ Սուրբ Ծնունդին նվիրված համերգով: 

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Զորավոր» մանկական երգչախումբը գործում է շուրջ մեկ ամիս: Երգչախումբի գեղ. ղեկավարը Գոհար Հարությունյանն է: Փոքրիկների նորաստեղծ այս խումբն արդեն երկրորդ անգամ է ներկայանում հանդիսատեսին. առաջին անգամ նրանք ներկայացել էին այս տարի՝ հունվարի 18-ին, տիկնանց միության կողմից կազմակերպած Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառմանը:
 

Հայկական վիոլայով երեխաներին նվագակցում էր կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը: «Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս» շարականը երեխաները կատարեցին նրա հեղինակային մշակմամբ: Խմբի պարուսույց Վիկտորիայի ու թատերագետ-կինոգետ Հասմիկ Հարությունյանի օգնությամբ փոքրիկներն իրենց նրբահյուս կատարումները լրացրին պարով և բեմադրությամբ՝ ներկաներին մեկ անգամ ևս փոխանցելով Սուրբ Ծննդյան հրաշախորհուրդ Ավետիսը:
 

Ներկայացման ավարտին Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ սրբազան հոր օրհնությունն ու ողջույնը և մասնավորապես ասաց. «Երանի՜ մեզ, որովհետև մենք մեր հոգու աչքերով է, որ տեսնում և ընդունում ենք Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչը: Թեև Ծննդյան օրերը անցել են, բայց այդ օրերը միշտ մեզ հետ են, որովհետև Քրիստոսի Ծնունդով մենք կանգնեցինք մի ճանապարհի վրա, որ մեզ տանում է դեպի Երկնքի Արքայություն»:
 

«Համայնքի անդամների երեխաներից կազմված երգչախումբը նպատակ ունի երեխաներին միջնադարյան երաժշտությանը և մեր եկեղեցու ծեսին ծանոթացնել: Սկզբնական շրջանում երեխաները երգում էին, աստիճանաբար այն համոզումը ունեցա, որ նրանք այդ վիճակից սաստիկ ձանձրանում են, ուստի երգին եկավ միանալու պարը: Շատ էի ցանկանում, որ երեխաները հաղորդ լինեին նաև հայկական վիոլա գործիքին, ինչն այսօր տեղի ունեցավ, և որն իրենց շատ բան ուսուցանեց»,- ասաց «Զորավոր» մանկական երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանը: Նա նաև ուրախությամբ նշեց, որ երգչախմբում չմկրտված երեխաները ցանկություն են հայտնել մկրտվելու:
 

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանը տպավորված էր ներկայացմամբ. «Կարևորում եմ նման միջոցառումները, քանի որ երեխաներն է՛լ ավելի են մոտենում եկեղեցուն, սովորում են սիրել և օգնել մարդուն: Ուրախալի է, որ Զորավոր ս.Աստվածածին եկեղեցու հետ համագործակցության արդյունքում արդեն մի քանի միջոցառումներ ենք ունեցել»:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-02-01
×