Ս. Սարգիս տոնը Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգիս տոնը Արարատյան Հայրապետական թեմում

«Սիրո ուժն է անհաղթ»

 

Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Սարգիս զորավարի, նրա ս. Մարտիրոս որդու ու 14 ս. զինվորների տոնը: Այդ առթիվ ս. պատարագ մատուցվեց սրբի անունը կրող եկեղեցիներում,որոնք Արարատյան Հայրապետական թեմում երեքն են:


Առավոտյան՝ ս. պատարգից առաջ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի բերվեց ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում: Քահանաների ու հավատավոր մարդկանց թափորը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասնակցությամբ եկեղեցու մուտքի մոտ դիմավորեց Ավետարանը: Դրանից հետո սրբազան հայրերը դիմավորեցին ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը, որը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Երկու սրբությունները դրվեցին ս. սեղանին: Ապա Տ.Նավասարդ սրբազան հոր հանդիսապետությամբ մատուցվեց ս. պատարագ: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր:


Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում հավարտ ս. պատարագի Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը և Տ. Վրթանես եպիսկոպոսը սրբի աջով և Ավետարանով օրհնեցին երիտասարդներին:


Տ.Նավասարդ սրբազանը,շնորհավորելով երիտասարդներին, մասնավորապես ասաց. «Սիրելի´ երիտասարդներ, հավատարիմ հայորդիներ, երիտասարդունք, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ս. Սարգիսը հռչակվել է երիտասարդության արագահաս բարեխոս և նրան նվիրված տոնը՝ Երիտասարդների օրհնության օր: Այն այսօր հայոց սիրո տոնն է, մեր ողջ Հայոց աշխարհի: Թեև սերը տիեզերական է, բայց նրա իսկատիպերը լինում են խիստ ազգային, ընդգծված գույներով և ավանդություններով: Եվ մենք այդ ենք պահում, տարածում, քարոզում, փոխանցում, բաժանում և կիսում ձեզ հետ: Դա ամենայն հայոց սիրո ուժն է առ Հայր:
 

Իզուր չէ, որ մենք բանակի հետ միախառնված ենք նշում զորավար ս. Սարգսի տոնը, որովհետև մեր զավակները հայ երկինքը ջինջ ու անամպ են պահում մեր գլխավերևում, որպեսզի մենք սիրենք միմյանց: Մենք էլ պետք է կիսենք այդ սերը նրանց հետ, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ մեր խաղաղությունը պահպանելով:


Սերը պետք է բաժանել, սերը պետք է վերադարձնել ծնողին, վերընծայել Արարչին, Ումից էլ այն գալիս է մեզ: Սերը պետք է բաժանել, որպեսզի այն բաժանարար չլինի, այլ միավորի մեզ: Այսպիսի հզոր հավատք ունի սերը և այսօր հույժ կարևոր պատգամ ունի մեզ:
 

Ուզու՞մ եք ձեր հավատքը զորավոր լինի: Այն դարձրեք կենդանի՝ հաղորդակցվելով սրբությունների հետ, որ այսօր երջանիկ պատեհությամբ այստեղ են: Առիթը բաց չթողնենք, որպեսզի մեր հավատքը սիրաբորբոք մնա, անշեջ: Եվ Տերը դառնա մեզ պահապան, ուղեցույց, առաջնորդող և նույնիսկ մարտակից: Շնորհքը, սերը, խաղաղությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ, և ս. Սարգիսը թող լինի մեր արագահաս բարեխոսը և մեր երազների իրակացնողը: Ամեն»:
 

Հավարտ ս. պատարագի եկեղեցուց մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ «Փորձությունները կոփում են՝ դարձնելով մեզ անպարտելի» կարգախոսով: Խաչերթն առաջնորդում էր Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Մասնակցում էին Տ. Վրթանես եպիսկոպոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմի քահանայից դասը: Մասնակիցները խաչվառներով ու խաչով զինվորների, ուսանողների հետ քայլեցին Մ. Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով մինչև Սիրահարների պուրակ: Տոնական ոգի էին ներշնչում զինվորական փողային նվագախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Հայորդաց տան թմբկահարների խումբը:
 

Սիրահարների պուրակում Արարատյան Հայրապետական թեմը երևանցիների ու հյուրերի համար տոնական համերգ էր կազմակերպել՝ որպես ս. Սարգսի տոնի նվեր: Տոնական համերգին մասնակցում էին էստրադային երգիչներ ու զինվորական երգչախումբ:
 

Ս. Սարգսին նվիրված միջոցառումներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Օրը տոնական էր նաև ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցում: Հավարտ ս. պատարագի Նոր Նորքի թաղապետարանից դեպի եկեղեցի հավատավորները խաչերթ կատարեցին՝ թափորի առջևից տարվում էր Ավետարան, խաչվառներ: Մասնակցում էին Նոր Նորքի բոլոր դպրոցների աշակերտները: Եկեղեցու բակում Երիտասարդների օրհնության արարողություն կատարվեց, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տան սաները համերգային ծրագրով ելույթ ունեցան:


ԱՀԹ Արգավանդի ս.Սարգիս եկեղեցու հավատավորները նախորդ օրը՝ երեկոյան, խաչերթ էին կազմակերպել եկեղեցուց մինչև Հարավ- Արևմտյան թաղամաս: Իսկ տոնի բուն օրը հավարտ ս. պատարագի եկեղեցու բակում երիտասարդաց միությունը ս. Սարգսին նվիրված մաղթանք-բացիկների մրցույթ ու տոնական համերգ էր կազմակերպել: Ընթացքում այցելուներին հյուրասիրում էին քաղցրաբլիթներով:

  • 2015-01-31
×