«ԴՈՒՔ ՁԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՔ ՈՐՊԵՍ ՓՐԿԱԳԻՆ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ»
(Ժամամուտ) Սիրելի'ք, Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զորացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը: Ավետարանական մի սքանչելի դրվագ կա, երբ Հիսուս Երուսաղեմի տաճարի առջև կանգնած` դիտում է, թե ինչպես են եբրայեցիները տաճարի մոտ եղող գանձանակի մեջ իրենց ընծաները գցում: Նրանց շարքում մի այրի և աղքատ կին կար, ով երկու լումա դրեց գանձանակի մեջ: Եվ Հիսուս, դիմելով Իր աշակերտներին, ասաց. «Այդ այրի կինը ավելի տվեց, քան բոլոր մյուսները, որովհետև նա տվեց ինչ որ ուներ ապրուստի համար»: Մյուսներն իրենց ավելորդից տվեցին, իսկ նա` ինչ որ ուներ... Դարեր շարունակ ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրված է եղել մեր Հայրենին, ուր ամեն ոք անցել է ընծայաբերման իր ճամփան և արժանացել Երկնային անդաստաններին: Հայոց ոստանի նվիրյա՛լ զինվոր, դու այն միակն ընծայաբերողն ես, ով հայրենիքի պահպանման վեհ գործին ինքն իրեն է զոհաբերում, ով հավատարիմ է իր տված երդմանը, կոչմանն ու առաքելությանը, քանզի` «Վարդանի հոգին հրագունդ, անշէջ կը մտնէ ամէն հայու հոգւոյն մեջ»: Մեր քաջ նահատակների ոգով ու արյան կանչով տոգորված` չես երկնչում անգամ մահվանից, քանզի գիտես, որ կարևորը հոգու անմահությունն է, որ մարմինդ զոհաբերելով` հար ու հավիտյան Աստծու ներկայությանն ես արժանանալու: Աստվածաշունչ Մատյանն ասում է. «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունը` տոկունություն, և տոկունությունը` հույս. և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5): Անսալով երկնառաք պատգամ-հորդորի, աղոթենք, որ ՀՈՒՅՍԸ, որպես անշեջ ճառագայթ, դառնա ձեր վեհ գործի ուղենիշը` տոգորված հավատքով, սիրով և ինքնաընծայաբերմամբ: Եվ թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջն պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակից` ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: Ամեն:
Ջերմագին սիրով և օրհնությամբ`
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ