Փետրվարի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանի Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ-ում բացվեց ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես- մրցույթը: Այն կրում է «Սիրո ուժն է անհաղթ» խորագիրը: Ներկայացված էին բուհի 28 ուսանողների աշխատանքները՝ գեղանկար ու քանդակ:
Բացմանը ներկա էին բուհի ռեկոտր Ռուբեն Միրզախանյանը, ԱՀԹ Նոր-Նորքի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, դասախոսական կազմը:
Տեր Նշանը ներկաներին փոխանցեց Նավասարդ սրբազանի օրհնությունն ու շնորհավորանքը՝ ցուցահանդեսի կայացման համար: Տեր հայրը խոսեց սիրո մասին՝ նշելով, որ աշխարհն արարվեց սիրով, և Աստված սեր է, որ շարունակում է արարել ու ներգործել յուրաքանչյուրիս կյանքում: Նա հորդորեց ոչ միայն մեր գործը, այլ նաև մեր կյանքը կառուցել սիրո վրա:
Ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին թեմի կողմից հանձնվեցին մասնակցության պատվոգրեր: Մրցույթի ժյուրին, որի կազմի մեջ են մտնում դասախոսներ, արվեստագետներ ու հոգևորականներ, աշխատանքներից կընտրի 10 լավագույնները, որոնց հեղինակների համար թեմը նախատեսել է դրամական պարգևներ: