Բուն Բարեկենդանի նախընթաց շաբաթը հարուստ է ազգային տոնախմբություններով: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երկրորդ տարին է Երևանի բոլոր վարչական շրջանները միանում են թեմի երիտասարդների նախաձեռնությանը և Բուն Բարեկենդանը տոնում են իրենց համայնքներում: Տոնախմբության կազմակերպման ու անցկացման հարցում վարչական շրջանների պատասխանատուները խորհրդակցել ու աշխատել են թեմի երիտասարդների ու քահանաների հետ:
Փետրվարի 12-ին Բուն Բարեկենդանի տոնախմբություններ էին կազմակերպվել Շենգավիթ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ համայնքներում:
Այս համայնքներ այցելեցին ԱՀԹ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը, Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը, Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
Նրանք օրհնությամբ սկսեցին տոնախմբությունն, ապա ողջունելով ներկաներին՝ փոխանցեցին Տ. Նավասարդ սրբազանի օրհնությունները:
Տոնախմբություններին մասնակցում էին մանկապատանեկան երգու պարի, թատերական խմբեր: Կազմակերպվել էին նաև բարեկենդանյան ուտեստների հյուրասիրություն:
ԱՀԹ երիտասարդների ջանքերը Բուն Բարեկենդանին մեծ ժողովրդականություն վերադարձնելու ուղղությամբ արդեն պսակվում են հաջողություններով:
Միասին վերականգնենք մեր ազգային տոները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին