ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ շարունակվում են թեմի քահանաների հանդիպումները դպրոցների աշակերտների հետ ՀՀ Ոստիկանության նախաձեռնած «Անչափահասը և հանցագործությունը» ծրագրով:
Փետրվարի 19-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը մասնակցեց Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցում կազմակերպված հանդիպումներին, զրուցեց 9-րդ դասարանցիների հետ, պատասխանեց հետաքրքող հարցերին:
Տեր հայրը խոսեց աղանդավորության վնասակար, քայքայիչ ազդեցության մասին: Անդրադարձավ ամուր պետություն, ընտանիք և կայուն հասարակություն ունենալու համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հավատարիմ մնալու կարևորությանը: Հորդորեց աշակերտներին ուշադիր լինել զանազան գայթակղություններից և հոգևորսությունից, որոնք ընկած են աղանդավորության հիմքում: Կոչ արեց բոլորին հավատարիմ մնալ չորս սրբություններին՝պետականությանը, հայրենիքին,ազգին և եկեղեցուն:
Աշակերտների հետ թմրամոլության, հարբեցողության և մի շարք այլ վնասակար սովորությունների մասին խոսեց Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժնի պետ փոխգնդապետ Էդուարդ Ավագյանը:
Ծրագիրը նպատակ ունի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել աղանդավորության, փողոցային բարքերի ու բացասական հոգեբանական ազդեցություն ունեցող տարբեր սոցիալական խմբերի մեջ պատանիների ներգրավումը կանխելու համար:
Նմանատիպ հանդիպումներ կազմակերպվում են մայրաքաղաքի մի շարք համայնքներում: Թեմի քահանաներից շատերը մասնակցում են ծրագրին:
Արարատյան Հայրապետական թմի տեղեկատվական բաժին