Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես կգան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով, որը սոցցանցերում կտարածվի #4demand բանալի բառով:
Այս նախագծի շրջանակներում նկարահանվել է 4 հոլովակ, որոնց միջոցով ներկայացվել է հայ ժողովրդի 4 սերնդի՝ դպրոցականի, երիտասարդի, հասուն և ծեր մարդու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ: Այդ հոլովակները պիտի մեկնարկ դառնան յուրաքանչյուր հայի համար՝ իրենց սեփական հոլովակը նկարելու և այն սոցցանցերում տարածելու: Յուրաքանչյուր հայ ցանկացած տեսանկարահանող սարքով (տեսախցիկներ, հեռախոսներ և այլն), մինչև մեկ րոպե տևողությամբ պահանջն է տեսագրելու և այն տարածելու սոցցանցերում: Նշումով (tag) առաջարկելու է իր ընկերներին, նման հոլովակներ ստեղծելով, միանալ ծրագրին: Ի դեպ՝ հոլովակներ կարող են նկարահանվել նաև այլ լեզուներով ու առաջարկներ ուղարկվել օտարազգի ընկերներին ու ծանոթներին:
Նախնական հոլովակների քանակն ընտրվել է հատուկ: 4 սերունդը հավիտենության խորհուրդն է: Նախագծով երիտասարդները նպատակ ունեն աշխարհի 4 կողմում տարվա 4 եղանակին բարձրաձայնել 4 սերնդի 4 հիմնական պահանջը՝ հիշել, ճանաչել, դատապարտել և հատուցել: Հոլովակների միջոցով հայերը պիտի աշխարհին հիշեցնեն, որ պայքարը չի դադարելու մինչև պահաջին համապատասխան լուծում չգտնվի:
Ծրագիրը նպատակ ունի առավել շատ ու անընդհատ հնչեցնել «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» կարգախոսը:
Նախագծի մեկնարկն ազդարարվելու է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում փետրվարի 24-ին՝ ժամը 18:30: Նույն ժամանակ ինտերնետում հասանելի կդառնան այդ հոլովակները՝ Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքում, Ազգային առաջնորդության ինստիուտի կայքում, թեմի ու երիտասարդներների ֆեյսբուքյան էջերում: Այդ հոլովակները կամ տեսագրությունները սոցցանցերում տարածելիս պետք է օգտագործել ծրագրի համար ընտրված բանալի բառով՝ #4demand:
Հոլովակների լինքերը կհավաքվեն ֆեյսբուքում բացված էջում՝ 4demand.
Սա Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 10-րդ միջոցառումն է:
×