Միջինքը նշվեց ԱՀԹ մի շարք եկեղեցիներում

Միջինքը նշվեց ԱՀԹ մի շարք եկեղեցիներում

Մարտի 11-ին՝ Մեծ Պահքի Միջինքի առթիվ, Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմում տեղի ունցան մի շարք միջոցառումներ: Թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ առաջնորդարանում կազմակերպվել էր ավանդական հայկական պահքային ուտեստներ, որոնք հնում հայերը պատրաստում էին Միջինքին: Միջոցառման սկզբում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը ողջունեց երիտասարդներին և օրհնեց տոնական սեղանը: Երիտասարդները ազգային երգ ու պարով ուրախ տոնախմբության վերածեցին միջոցառումը:


ԱՀԹ Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցում նշվեց Միջինքը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, օրհնեց տոնական սեղանը:


Երիտասարդաց միության և համայնքի կողմից պատրաստվել էին պահքի ուտեստներ, որոնք համտեսելուց հետո Տեր հայրը ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմի գրքեր նվիրեց ուտեստները պատրաստողներին:


Միջոցառումն անցավ կենդանի երաժշտության, երգ ու պարի ներքո:


Միջինքը նշեց նաև ԱՀԹ Արգավանդի ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը` հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ:


Տոնական սեղանը զարդարում էին միության երիտասարդների պատրաստած ուտեստները՝ պահքի տոլմա, սիսեռով կոտլետ, պահքի խմորեղեն, ոսպով աղցան և այլն:


Երեկոյի ընթացքում խոսվեց Միջինքի մասին. երիտասարդները ներկայացրին պահքի իրենց ընթացքը, անցկացվեց ինտելեկտուալ խաղ- մրցույթ:


Միջոցառման ավարտին երիտասարդները միմյանց նվիրեցին բացիկ- մաղթանքներ:


ԱՀԹ Բյուրավանի ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տ.Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ Միջինքի ինտելեկտուալ մրցույթ անցկացվեց:

Մրցույթին մասնակցում էին Բյուրավան, Բարձրաշեն և Հովտաշեն գյուղերի երիտասարդներից կազմված «Լուսավորիչ», « Մաշտոց» և «Նարեկացի» թիմերը:


Հաղթող ճանաչված «Նարեկացի» թիմի անդամները ստացան «100 հարց Սուրբ հաղորդության մասին» գրքեր, երկրորդ տեղը գրաված «Մաշտոց» թիմի անդամները պարգևատրվեցին աղոթագրքերով: 3-րդ տեղը զբաղեցրած «Լուսավորիչ» թիմի անդամները պատարագամատույցներ ստացան:


Մրցույթից հետո ներկաներին հյուրասիրվեց Միջինքի պահոց գաթա: Միջոցառումն ավարտվեց միասնական Էջմիածին պարով և «Լուսավորչի կանթեղ» երգի կատարումով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-16
×