Մարտի 16-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանի Ն. Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հ.14 հատուկ կրթահամալիր այցելեցին Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը, թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը, ս. Հովհաննես եկեղեցու ծխական խորհրդի անդամ Ռուբեն Մուրադյանը և երիտասարդաց միության անդամները:
Հյուրերը երեխաների համար տարել էին քաղցրավենիք ու նպարեղեն: Տեր հոր գլխավորությամբ նրանք շրջեցին դպրոցում, ծանոթացան աշակերտների առօրյային:
Հանդիպումն աշակերտների հետ սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տ. Վահանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի օրհնությունը: Դիմելով երեխաներին՝ Տեր հայրը մասնավորապես ասաց. «Աստծուց հայցում ենք բոլորիդ համար առողջություն, օրհնություն ու զորակցություն: Ձեր կյանքի մեջ ունեցած փոքրիկ խնդիրները, որ դուք հիմա ունեք, վստա՛հ եղեք, որ Տիրոջ օգնությամբ կկարողանաք հաղթահարել: Երբեք չվհատվե՛ք, չտխրե՛ք, չընկճվե՛ք: Աստված թող ձեզ հոգու և մարմնի առողջություն պարգևի, որ դուք ապրեք ուրախ: Եվ Տիրոջ աստվածային լույսը թող միշտ շողա ձեր սրտի մեջ և առաջնորդի»:
Երեխաներն էլ հյուրերին ողջունեցին իրենց հուզիչ ասմունքով, երգով և նվագով:
Տեր հայրը շնորհակալություն հայտնեց տնօրինությանը, մանկավարժներին իրենց հյուրընկալելու և դպրոցի սաներին հոգ տանելու համար: Հաստատության տնօրեն Ա. Ահարոնյանը դպրոցի սաների հանդեպ ցուցաբերած հայրական ջերմ վերաբերմունքի համար Տ. Նավասարդ սրբազան հորն ուղղված շնորհակալագիր հանձնեց:
Ներկայումս հաստատությունում սովորում է Երևանից և տարբեր մարզերից տեսողության տարբեր աստիճանի խնդիրներ ունեցող 99 երեխա:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին