Ուխտագնացություն Մուտն ի Վիրապի տոնին

Ուխտագնացություն Մուտն ի Վիրապի տոնին

Մարտի 21-ին Հայ Եկեղեցին նշեց ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու մուտն ի վիրապի տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց ս. պատարագ բաց խորանով և հավատացյալները հնարավորություն ունեցան Մեծ Պահքի շրջանում ս. հաղորդություն ստանալ: 

Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այս տարի ևս տոնը նշվեց մեծ շուքով: ԱՀԹ տարբեր եկեղեցիների համայնքներից բազմաթիվ ուխտավորներ մասնակցեցին ս. պատարագին ու տոնախմբությանը:


Հավարտ ս.պատարագի եկեղեցու երիտասարդաց միության անդամները պահքային կոտլետներ հյուրասիրեցին ուխտավորներին: Ապա ուղևորվեցին Հովտաշեն համայնք՝ խաչով, խաչվառով, հոգևոր երգերի կատարումներով քայլելով դեպի այստեղի նորակառույց եկեղեցի: Այստեղ անդաստանի արարողություն կատարվեց Բյուրավանի ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Ղազար քահանա Պետրոսյանի, թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և Ավանի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Հարություն քահանա Ավագյանի մասնակցությամբ:

 

Ուխտավորները Հովտաշենից մեկնեցին Խոր Վիրապի վանք, որտեղ միասնական աղոթք բարձրացրին առ Աստված:


Ուխտագնացությունն ավարտին ԱՀԹ երիտասարդները Խոր Վիրապի բակում կատարեցին «Լուսավորչի կանթեղ» երգն ու շուրջպար բռնեցին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-21
×