Մայրերին նվիրված միջոցառում Զորավոր ս.Աստվածածին եկեղեցում
Մայրերին նվիրված միջոցառում Զորավոր ս.Աստվածածին եկեղեցում
Սիրիահայ համայնքի նախաձեռնությամբ ԱՀԹ Զորավոր ս.Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մայրությանը նվիրված միջոցառում: Սովորույթի համաձայն ամեն տարի մարտի 21-ին Սիրիայում հայերը նշում են մայրերի օրը:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Գրիգոր քահանա Գրիգորյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով, ապա գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի շնորհավորանքները և օրհնությունները փոխանցեց մայրերին՝ նշելով, որ կարևոր է սիրիահայերի բոլոր գեղեցիկ ավանդույթները պահպանելը և նշելը: Տեր հայրն արժևորեց սիրահայերի հետ սերտ շփումը՝ մասնավորապես ասելով. «Իմ ուրախությունը միայն այն չէ, որ փորձեցինք որևէ կերպ օգտակար լինել ձեզ, այլ որ ձեզ տեսնում ենք այսօր ներգրավված համայնքային կյանքից ներս: Տեսանելի է ձեր նվիրվածությունն ու կապվածությունը եկեղեցուն»:
Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհդի անդամ և տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանին իր եկեղեցանվեր գործունեության համար:
Տիկնանց միության «Հույս միավոր»-ը մայրերին նվիրեց փոքրիկ ճերմակ փետուրներով կարմիր սրտիկներ: Կարմիր սրտը խորհրդանիշում է մոր սիրտը, իսկ ճերմակ փետուրները՝ աշխարհի բոլոր երկրները: Այնուհետև տիկնանց միության անդամները ասմունքեցին, երգեցին: «Առաքինի մայր» կոչմանն արժանացավ տիկին Երանը: Ներկաներին բաժանվեց սաղմոսներից համարներ, իսկ ջերմ մթնոլորտը շարունակվեց հյուրասիրությամբ:
Տիկնանց միության «Հույս միավոր»-ի ատենապետուհի Զարուհի Ամալյանը շնորհակալություն հայտնեց գերաշնորհ Տ. Նավասարդ սրբազանին և Տ. Գրիգորին՝ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում իրենց համախմբվելու և Հայ Եկեղեցուն ծառայություն մատուցելու առիթներ ընձեռելու համար:
Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքում բազմաթիվ սիրիահայեր են ներգրավված, ովքեր մասնակցում են ժամերգություններին, ս. պատարագներին, համայնքային ծրագրերին: Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Նույն թվականի դեկտեմբերից Տեր հայրը Սրբազան հոր օրհնությամբ և տնօրինությամբ նշանակվեց «Արագ արձագանքում սիրիահայ ընտանիքներին» ծրագրի պատասխանատու: Այդ ծրագրով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը՝ «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնություն ցուցաբերվեց: Տեր հայրն այցել է այս ընտանիքներ, կատարել տնօրհնեքի արարողություններ, ծանոթացել նրանց խնդիրներին: