Արարատյան Հայրապետական թեմի Եռաբլուրի Ս. Նահատակաց եկեղեցում պսակադրության արարողություն էր:
Գարիկ Սարգսյանը դեռ մի քանի տարի առաջ երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի խոսքերից ոգեշնչված` ուխտ է8 արել, թե ամուսնանալու է հենց այս եկեղեցում:
«Մի օր Եռաբլուրում պարոն Ամալյանն ասաց. «Հերիք է՝ ինչքան եկանք պանթեոն՝ տխրելու, թող այս եկեղեցում պսակադրություն լինի, ընտանիք կազմվի»: Այս խոսքերն այնքան տպավորվեցին, որ որոշեցի պսակադրվելու ժամանակ մեր հերոսների օրհնությունը ստանալ. սա էր իմ ուխտը»:
Եռաբլուրի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը պատմում է, որ շատ է ուրախացել, երբ լսել է երիտասարդների ուխտի մասին.
«Այս եկեղեցին խորհրդակատարությունների համար ամբողջովին բաց է, այստեղ մկրտություններ են կատարվում, պսակադրություններ: Բոլոր նահատակների նպատակը մեկն էր. կյանքը պետք է շարունակվի… Այսօր լավ առիթ է. կկատարենք պսակադրության կարգ և կօրհնենք, որ մյուս տարի էլ զավակ ունենան. և մեր եկեղեցում մկրտենք»:
Աննա Հարությունյան