ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ»
Ժամագիրք
Սիրելի՛ք,
Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին մարտի 29-ին տոնախմբում է Ծաղկազարդը, որը Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակությունն է: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հայտարարվել է մանուկների օրհնության օր: Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը, ասում էին. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս ԻԱ 15), իսկ ներկաները՝ բարձրաձայնում. «Ահա ես և իմ մանուկները, որ Աստված ինձ պարգևեց, բոլորս կանք և ակնկալում ենք տեսնել Քրիստոսին և լսել Նրա երանավետ խոսքը» (Եսայի Ը 18):Հիսուս շատ է սիրում մանուկներինևհորդորում է, որ նրանց պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանք Իր տեսությանն ու երկնքի արքայությանը (տե՛ս Մարկոս Ժ 15):
Եվ երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, ելան Նրան ընդառաջ: Երուսաղեմում «Փառաց Թագավորն» Իր հաղթական մուտքով ազդարարեց փրկագործության սկիզբը: Հիսուս ներկաներին ցույց տվեց, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամավոր հանձնառությամբ պատարագվելու է մարդկության փրկության համար: Պահեցողության այս օրերի մեջ արմավենիներով ընդառաջ գալը խորհրդանշական է յուրաքանչյուրիս համար: Ամենքս էլ Տիրոջ առաջ պիտի ելնենք զանազան առաքինություններով հանդերձավորված և մեր ձեռքում ունենանք սիրով ու բարությամբ արարված բազմաթիվ գործեր:
Ծաղկազարդին հաջորդող շաբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հարության օրն է: Երբ Ճրագալույցի Սբ. Պատարագին հնչած ավետիսով ու եկեղեցուց տարված լույսով լուսավորվեն մեր օջախները, մեր հոգիներում մեղմ կհնչի հարուցյալ Հիսուսի բաղձալի ձայնը. «Խաղաղությո՜ւն ձեզ»: Եվ որպես հարամնա սիրո խոստում՝ կհուսադրի ամենքիս՝ ասելով հետևյալ խոսքերը. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20):
Մեր աղոթքն է, որ Բարեսեր Աստված Իր հաղթական մուտքով հրավառի բոլորիս հոգիները, ցանի սիրո կենարար հունդերը մեր սրտերի մեջ և ամենքիս պարգևի փրկարար, գթառատ ու հոգեշահ ներշնչանքներ՝ ի բարօրություն մեր ազգի և Հայրենիքի: