Ծաղկազարդն Արարատյան Հայրապետական թեմում

Ծաղկազարդն Արարատյան Հայրապետական թեմում

Մարտի 29-ին Ծաղկազարդի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի  բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական ս. պատարագ՝ բաց խորանով:

 

ԱՀԹ առաջնորդանիստ սՍարգիս եկեղեցում ս. պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.  Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Հավարտ ս. պատարագի Սրբազան հայրը Մանուկների օրհնության կարգ կատարեց: 

 

Եկեղեցում հավաքված երեխաների շարքում էին Արմենիա հեռուստաընկերության «Ամենախելացին» նախագծի մասնակից պատանիները: Արարողությունից հետո վերջիններս հնարավորություն ունեցան զրուցելու Նավասարդ Սրբազանի հետ և իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները ստանալու:

 

Մալաթիայի ս. Աստվածածին եկեղեցում   «Ալեքս» և «Լույսի աստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի 40 երեխաներ օրհնության կարգից հետո թեմի բարեգործական բաժնի կողմից նվերներ ստացան: Աղոթաքգրքեր ստացան ս.պատարագին մասնակցած բոլոր երեխաները:

 

Զորավոր սԱստվածածին եկեղեցում կազմակերպվեց  կավճանկարչություն, գիպսե արձանիկների և աստածաշնչյան հերոսների պատկերներով գծանկարների ներկում: Եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միությունը զարդարված մոմերի և արևելյան քաղցրավենիքի վաճառք իրականացրեց, որի ողջ հասույթը կտրամադրվի եկեղեցուն՝ բարեգործական ծրագրերի համար: Սիրիահայերի համար մոմեր զարդարելը և տուն տանելը նպատակ ունի աստվածային լույսով ողողելու հայ ընտանիքը: Երեխաների տոնն առավել տոնական դարձրին հեքիաթի հերոսները՝ խաղերով, երգերով ու պարերով:

 

Դավիթաշենի ս. Նահատակաց եկեղեցու բակում երիտասարդները կազմակերպեցին կավճանկարչության և ազգային խաղերի մրցույթ: Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք իրականացվեց:

 

Նոր Նորքի ս.Աստվածածին եկեղեցում հավատացյալների կողմից պահքային ուտեստների հյուրասիրություն կազմակերպվեց, որտեղ սիրիահայ կանայք իրենց խոհանոցին բնորոշ ուտեստներ ներկայացրին: Եկեղեցու երգչախումբը հոգևոր երգերի համերգով հանդես եկավ:

 

Արգավանդի ս. Սարգիս եկեղեցում Մ. Իզմիրլյան մանկատան ու կիրակնօրյա դպրոցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց, այնուհետև նրանց համար հետաքրքիր ժամանց կազմակերպվեց մանկական սրճարանում:

 

Մարմարաշենի ս.Գևորգ եկեղեցու բակում կազմակերպվեց գիպսանկարչություն և կավճանկարչություն, որն ուղեկցվեց երգ ու պարով:  

 

Մխչյանի ս.Հովհաննես եկեղեցու բակում ևս կազմակերպվեց կավճանկարչություն կիրակնօրյա դպրոցի երեխաների համար: Երեխաները սրբապատկեր ու Ավետարաններ ստացան:

 

Վեդու ս.Աստվածածին եկեղեցում հավքաված շուրջ 85 մանուկներին աղոթագրքեր բաժանվեցին: Բակում ելույթ ունեցավ Գոռավան գյուղի մշակույթի տան պարի խումբը:

 

Բյուրավանի ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում երեխաների  համար  կավճանկարչության մրցույթ էր կազմակերպվել:  Վերջում բոլոր մանուկներին բաժանվեցին  գույնզգույն փուչիկներ:

  • 2015-03-31
×