Ապրիլի 5-ին Հայ Եկեղեցին նշեց մերՏեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական ս. պատարագ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ հավարտ ս. պատարագի թեմի մի շարք եկեղեցիներում իրականացվեցին տոնական միջոցառումներ:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի ելույթ ունեցավ «Վարք հայոց» ազգագրական երգի պարի խումբը: Նրանց ելույթը բակում համախմբել էր մեծ բազմություն: Միջոցառումն իրականացվեց առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և ծխական համայնքի նախաձեռնությամբ:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը եկեղեցու երիտասարդաց միության և Է. Թելմանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի տղաների հետ ապրիլի 5-ին՝ Զատկական ս. պատարագից հետո, այցելեց Զինվորական հոսպիտալ՝ շնորհավորելու զինվորների և բուժանձնակազմի Սուրբ Հարության տոնը: Տեր հորն ուղեկցում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Սարգիս սարկավագ Ծատուրյանը:
Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու բակում միջոցառում կազմակերպվեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի պարային խմբերի մասնակցությամբ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու շնորհավորանքը: Շնորհակալություն հայտնեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, ում նախաձեռնությամբ եկեղեցական տարբեր տոներին Կենտրոն վարչական շրջանի տարբեր մշակութային հաստատություններ հանդես են գալիս համերգային տարբեր ծրագրերով: Երեխաներն այս անգամ ևս հնարավորություն ունեցան նկարազարդել աստվածաշնչյան տարբեր թեմաներ, ներկել գիպսե արձանիկներ: Ներկաներին բաժանվեցին Սուրբ Զատկի խորհրդանիշը համարվող կարմիր ներկված հավկիթներ:
Նոր Նորքի ս.Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը օրհնեց ներկաներին, փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը և շնորհավորանքը Սուրբ Հարության տոնի առթիվ: Տեր հայրը Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 300 կուրսանտների օրհնության կարգ կատարեց: Նոր-Նորք վարչական շրջանի արվեստի 4 դպրոցի սաներն իրենց աշխատանքները ցուցադրեցին: Տոնական սեղանի օրհնությունից հետո ներկաները ճաշակեցին զատկական ուտեստներ:
Ավանի ս.Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ եկեղեցու հավատացյալների համար զատկական հյուրասիրություն իրականացվեց, բակում համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ տեղի ունացավ տոնական համերգ: Զատկական տոնակատարությունները շարունակվեցին Ավանի ս.Հովհաննես խոնարհված եկեղեցու բակում: Սուրբ Հարության տոնին այս եկեղեցու ուխտի օրն է: Բազմաթիվ ուխտավորներ են գալիս այստեղ միասին տոնը նշելու: Եկեղեցու բակում կատարվեց մատաղի և զատկական ուտեստների հյուրասիրություն: Համայնքի երգի պարի խմբերի մասնակցությամբ իրականացվեց տոնական միջոցառում:
Նորագավիթի ս.Գևորգ եկեղեց բակում Շենգավիթ վարչական շրջանի և եկեղեցու աջակցությամբ զատկական հյուրասիրություն իրականացվեց: Բակում համայնքի մշակույթի տան երգի-պարի խմբերի մասնակցությամբ համերգ տեղի ունացավ: Հանդես եկան նաև եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները:
Վեդու ս. Աստվածածին եկեղեցում միջոցառում իրականացվեց Վեդու մշակույթի տան երգի պարի խմբերի մասնակցությամբ, մատաղի հյուրասիրություն կատարվեց և օրհնած հավկիթներ բաժանվեցին հավատացյալներին:
Դվինի ս.Հարություն եկեղեցում մատաղի հյուրասիրություն կատարվեց և օրհնած հավկիթներ բաժանվեցին հավատացյալներին: