Սուրբ Հարության հանդիսավոր ս. պատարագը

Սուրբ Հարության հանդիսավոր ս. պատարագը

Ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այդ առթիվ ս. պատարագ պատուցվեց բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Հարության հանդիսավոր ս. պատարագը մատուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Պարթև քահանա Մուրադյանը: 

 

Ս. պատարագին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, ԱՀԹ թեմական խորհրդի և առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամները:


Հընթացս ս. պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Սուրբ Հարության ուղերձը:


Ս. պատարագի ավարտին Տ. Նավասարդ սրբազանը հավատացյալներին ավետիս տվեց՝ ասելով. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»:


Ավանդույթի համաձայն հավարտ ս. պատարագի ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամները, հավատացյալները առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին միմյանց և Սրբազան Հորը:


Ապրիլի 6-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը ս. պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

 

  • 2015-04-05
×