Հարության Ավետիս՝ հոսպիտալում բուժվող զինվորներին

Հարության Ավետիս՝ հոսպիտալում բուժվող զինվորներին

Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը եկեղեցու երիտասարդաց միության և Է. Թելմանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի տղաների հետ ապրիլի 5-ին՝ Զատկական ս. պատարագից հետո, այցելեց Զինվորական հոսպիտալ՝ շնորհավորելու զինվորների և բուժանձնականզմի Սուրբ Հարության տոնը: Տեր հորն ուղեկցում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Սարգիս սարկավագ Ծատուրյանը:


Հիվանդանոցի բակում հյուրերը նրանց փոխանցեցին Հարության Ավետիսն ու Նավասարդ սրբազանի ողջույնի ու երախտագիտության խոսքերը: Ապա զատկական օրհնած հավկիթներ բաժանեցին բոլորին: Քահանայի հետ երիտասարդներն ու պատանիներն այցելեցին նաև այն զինվորներին, ովքեր չէին կարողացել բակ իջնել:


Բոլոր զինվորների առողջության համար Տեր հայրը բժշկության Ավետարան կարդաց ու մաղթեց շուտափույթ ապաքինում: «Պինդ կացեք, ու հիշեք, որ ձեզ համար հազարավոր մայրեր ու հավատավոր երիտասարդներ են աղոթում: Թող Տերը զորացնի ու պահապան լինի ձեզ»,- ասաց տեր հայրը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-05
×