Ապրիլի 8-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Շահումյանի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Դերենիկ քահանա Միքայելյանն այցելեց իր հովվության տակ գտնվող Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ համայնքի մանկապարտեզ:
Այստեղ միջոցառում էր կազմակերպվել նվիրված Ս.Զատկի տոնին: Տեր հայրը ողջունեց ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, խոսեց Ս.Հարության խորհրդի մասին ասելով. «Ինչպես Հին Կտակարանում հրեաները ազատվեցին փարավոնի ստրկությունից, այնպես էլ Քրիստոսի մահվամբ և հարությամբ մարդիկ ազատվեցին մեղքի, չարի ծառայությունից և ամեն տարի նշելով Ս.Հարության հրաշափառ տոնը, ունենում ենք հոգևոր մի նոր մաքուր ծնունդ, մի նոր առավոտ կյանքի հոգևոր բարեփոխումներով, դառնալով քրիստոսահաճո և քրիստոսանման»:
Միջոցառման ավարտին Տեր հայրը կատարեց տնօրհնեքի արարողություն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին