Ապրիլի 10-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպեց ու օրհնեց «Ուսում» կրթահամալիրի սաներին:
Երեխաներն իրենց ուսուցչուհիների հետ եկել էին առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի՝ օրհնություն ստանալու Ս. Զատկի տոնին նվիրված դպրոցական միջոցառումն իրականացնելուց առաջ:
Տեր հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, շնորհավորանքը Ս. Հարության տոնի առթիվ:
Տ. Պետրոսը երեխաներին պատմեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին, զրուցեց մկրտության, հոգևոր տոների մասին, անդրադարձավ Ս. Հարության խորհրդին: Պատգամեց երեխաներին սիրել և պահել երեք սրբությունները ՝Հայրենիքը, լեզուն և եկեղեցին: Խոսելով հայոց բանակի մասին՝ Տեր հայրը խոստացավ երեխաներին՝ իրենց հետ այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն:
Հանդիպման ավարտին Տ. Պետրոսը երեխաներին նվիրեց Ս. Սարգիս զորավարի խորհրդանշանով տետրեր: