Ապրիլի 16-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ս. Սարգսին նվիրված ցուցահանդես- մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Հանդիսությունը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով: Ապա ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնություններն ու շնորհավորանքի խոսքերը:
Ս. Սարգսի տոնակատարությունների համակարգող Էլզա Մանուկյանը ներկայացրեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օգնել ու մասնակցել էին մրցույթին: Ապա տեր հայրը հաղթող ուսանողներին փոխանցեց գումարային մրցանակները: Միջոցառմանը ներկա էին բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարները:
Այս տարի առաջին անգամ ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ հայտարարվել էր մրցույթ ուսանող ստեղծագործողների համար՝ նկարների, քանդակի և կիրառական արվեստի բնագավառներում: Մրցույթին մասնակցում էին երեք բուհերի՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներ:
Ուսանողները «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով աշխատանքները ներկայացրել էին բուհերում կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ ընդհանուր թվով հաղթող է ճանաչվել 21 ուսանող: