Խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 20-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Մալաթիայի ս.Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ.Գաբրիել քահանա Պետրոսյանն օրհնեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում տեղադրված խաչքարը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, Երևանի ավագանու անդամներ, բնակիչներ:
Խաչքարի օրհնությունից հետո Տեր հայրը դիմեց ներկաներին ասելով.«Այսուհետև այս խաչքարը մեր մեջ պիտի արթնացնի ոչ միայն հայոց ցեղասպանության վերապրումը, այլև խաչի խորհրդի հետ նրա մեջ մենք պիտի տեսնենք հայի անկոտրում ոգին։ Խաչքարն ունի իր մեջ հարության, վերածննդի խորհուրդը։ Հայ ազգը հավատարիմ մնաց իր քրիստոնեական արժեքներին, նահատակվեց հանուն Քրիստոսի, չընկրկեց, չուրացավ իր հավատքը, խաչը։ Այս խաչքարն ասում է մեզ, որ այսօրվա երիտասարդությունը հիշում է իր պատմությունը և թույլ չի տալու նման ոճիր, գիտի՝ ինչպես պայքարել և հաղթանակներ տոնել»:
Խաչքարը կանգնեցվել է Աջափնյակ վարչական շրջանի ավագանու անդամ Գարիկ Գրիգորյանի բարերարությամբ: