Հավատի ճանապարհին աստվածային սիրով շաղկապված սրտերի համար հոգու պահանջ է բարին արարելը, անկեղծ եղբայրասիրությամբ ապրելը: Հոգու այդ կոչին և պահանջին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նոյեմբերի 18-ին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց առաջին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանին (20 տ.): Անցյալ տարի՝ օգոստոսի 15-ին, Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ, ինչի հետևանքով զրկվել է քայլելու կարողությունից: Դավթի մայրը՝ Գայանե Սարգսյանը, նշեց, որ տղան «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնում ֆիզիոթերապիայի կուրսեր է անցել և, ըստ մասնագետների՝ թեև վիրահատության անհրաժեշտություն չկա, բայց ողնուղեղի վերականգնման համար կրկին վերականգնողական թերապիայի և դեղորայքային բուժման անհրաժեշտություն կա: «Չգիտեմ, թե Հայաստանում որքանով կկարողանան օգնել որդուս, քանի որ այժմ առաջնահերթ են համարում ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայողների բուժումը, և արտերկրում տղայիս բուժումն իրականացնելու հույսով Հայկական զարգացման բանկում հաշվեհամար եմ բացել: Ես և որդիս անչափ շնորհակալ ենք Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի մի բժշկից, ով չի ուզում իր անունը հրապարակել, բայց հարազատի նման աջակից է մեզ և ամեն օր այցելում է որդուս՝ վերականգնողական բուժմանն իր նպաստը բերելով», - ասաց զինհաշմանդամի մայրը:
Ամիսներ առաջ մահացել է Դավթի հայրը, իսկ տիկին Գայանեն, զբաղված լինելով տղայի խնամքով, չի կարողանում աշխատել: Սարգսյան ընտանիքը բնակվում է Արցախի 14/17 հասցեում վարձակալությամբ, և զինհաշմանդամի մայրն ասաց, որ ԱՄՆ-ից մի բարերար հանձն է առել մի քանի ամսով վճարել իրենց տան վարձը:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Դավիթ Սիրադեղյանը: Տիկին Գայանեն և Դավիթն իրենց շնորհակալությունը հայտնեցին Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:
Ս. Անտոն Մեծը բարի նպատակի շուրջ միավորված մարդկանց անվանում է զինվորներ, ովքեր և՛ պաշտպանվում են, և՛ հալածում թշնամիներին:
«Որքան հեշտությամբ է մարդը հագնում իր հագուստը, նույնքան էլ հեշտությամբ կարող է ընդունել ողորմածությունը: Ինչպես հագուստը, ծածկելով մարմինը, ջերմացնում և պաշտպանում է հիվանդություններից, այդպես էլ ողորմածությունն է ջերմացնում հոգին հոգևոր ջերմությամբ՝ դարձնելով այն ամուր և անխոցելի թշնամու փորձություններից» (Ս. Հովհան Ոսկեբերան):
Կարինե Սուգիկյան