Ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հաճընի ութամսյա հերոսամարտին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հաճընի ութամսյա հերոսամարտին

Ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հաճընի ութամսյա հերոսամարտին

«Հաճըն, մենք կվերադառնանք»` այս խորագիրն էր կրում ապրիլի 22-ին «Հաճըն» հայրենակցական միության կազմակերպած ոգեկոչման միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հաճընի ութամսյա հերոսամարտին: Երեկոն սկսվեց Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանի աղոթքով և օրհնությամբ: Տեր Պարթևը նշեց, որ մեր գոյությունն ու ապրելը, հիշելն ու պահանջելն արդեն իսկ մեր վրեժն են: Նա փոխանցեց նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարեմաղթանքները բոլոր ներկաներին: Այնուհետև բոլորին քաջածանոթ «Կիլիկիա» երգի հնչյունների ներքո Մ. Աբեղյանի անվան համար 3 ավագ դպրոցի (որի դահլիճում էր կազմակերպվել միջոցառումը) աշակերտները կանանց ծաղիկներ ու բոլոր ներկաներին անմոռուկ կրծքանշաններ բաժանեցին` ի նշան Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հավերժ հիշատակի:


Ինչպես նշեց միջոցառման վարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը` սա ոչ թե սգի երեկո էր, այլ ոգեկոչման, ուստի. «Վշտանալու և ողբալու համար չէ, որ կրկին հավաքվել ենք, մեզ մեր ցավն առանց այդ էլ լիուլի բավարար է, ընդհակառակը, այսօր մենք այստեղ ենք` ևս մեկ անգամ առաջին հերթին ինքներս մեզ ապացուցելու, որ, չնայած կոտորածներին ու բռնագաղթին, սովին ու ցավին, կա’նք, պիտի լինե’նք ու դեռ շատանա’նք»:


Երեկոն իրենց կատարումներով զարդարեցին Գուսան Հայկազունը, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Անահիտ Հարությունյանը, 3-րդ դպրոցի աշակերտուհի Էլեն Բունիաթյանը, բանաստեղծ Հովհաննես Շանթն ու բանաստեղծ-նկարիչ Ալբերտ Հակոբյանը: Գուսան Հայկազունը պատմեց, որ մի անգամ Փարիզում համերգից հետո իրենց խմբին ֆրանսիական օծանելիքներ են նվիրել: Ինքն ասել է, որ նման հոտեր չի սիրում: «Ինձ պատասխանեցին` ի՞նչ բույր ես սիրում, ասա, կգտնենք, Ֆրանսիայում չկա նման բան, որ չճարվի: Ես էլ ասացի` իմ սիրած հոտը դժվար կարողանաք գտնել. ես վառոդի հոտն եմ սիրում»,-նշեց վարպետն ու ասաց. «Մենք պիտի վառոդի հոտը շատ սիրենք»: Իսկ Արսեն Գրիգորյանը կոչ արեց. «Չդավանափոխվե’նք, չազգափոխվե’նք, նախընտրենք զոհողությունը, որպեսզի ազգը հարատևի»:


Հանդիսականները դիտեցին նաև Ս. Նաջարյանի «Կոմիտաս. կարոտի կռունկ» ֆիլմից 10 րոպեանոց հատված, ինչպես նաև լսեցին Հաճընի հերոսամարտի մասին պատմող դրվագներ` նրա ներկայացմամբ:


Հաճընցիներին մեծապես հուզեց «Հաճըն» հայրենակցական միության արխիվում պահվող և առաջին անգամ ցուցադրվող կադրերից պատրաստված փոքրիկ հատվածը, որտեղ Ցեղասպանության սարսափների, կոտորածի ու գաղթի մասին պատմում էին վերապրած հաճընցիների առաջին սերնդի ներկայացուցիչները` որդիներն ու դուստրերը, որոնցից շատերն այսօր, ցավոք, արդեն չկան: Նրանց խոսքը համեմված էր հայտնի պատմաբանների ու թուրքագետների մեկնաբանություններով: Երեկոյի ընթացքում ներկաներն ունկնդրեցին նաև պատմաբանի կենդանի խոսք. պրոֆեսոր, «Խնուս» հայրենակացական միության նախագահ Էդիկ Մինասյանը նշեց Հաճընի դյուցազնամարտում կարևոր դերակատարություն ունեցած հերոսների անունները` Արամ Կայծակ, Սարգիս Ճեպեճյան, Կարապետ Օղլլուգյան, Մեսրոպ Շխրտըմյան, Մկրտիչ Մանասյան, Վահան Ալթունյան, Պետրոս Թերզյան, Պետրոս Թուր-Սարգսյան և այլք, ինչպես նաև ներկայացրեց հերոսամարտին վերաբերող ուշագրավ դրվագներ: «Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ մենք կազատագրենք Արևմտյան Հայաստանը, իսկ մեր պահանջն այսօր, բացի Ցեղասպանության միջազգային ճանաչումից, պիտի լինի նաև հողերի ու գույքի հատուցումը»,-ընդգծեց պատմաբանը:


Արմատներով հաճընցի Հայկանուշ Գրքաշարյանն էլ ներկայացրեց իր նոր գիրքը` «Հաճըն, եթե քեզ մոռանանք» անվամբ, և նշեց, որ փրկված հաճընցի յոթ կանանցից մեկն իր մայրն էր: Հենց նրա և այլ հերոս հաճընցիների պատմությունն էլ ամփոփված է գրքում, որից տիկին Գրքաշարյանն ընթերցեց հետևյալ հատվածը. «Ամեն տարի` հոկտեմբերի 15-ին, աշխարհի տարբեր երկրներում սփռված հաճընցիները հավաքվում են Հաճըն քաղաքի հերոսամարտի և նրա անկման դժոխային օրը վերհիշելու համար: Մինչ սրահներում ճառերով հանդես գալը և ավանդական մատաղը ուտելը հաճընցիները ներկա են լինում տարբեր քաղաքների հայկական եկեղեցիներում և մասնակցում 1920 թ. զոհված հաճընցիների հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագին: Այդ պատարագը նվիրված է նաև 1915-1916 թթ. ցեղասպանութան բոլոր զոհերին, որոնց թվում` հազարների հասնող հաճընցիների: Պատարագի ընթացքում շատերը տակավին իրենց հարց են տալիս. «Ու՞ր էիք դուք, այս աշխարհի’ հզորներ, երբ 1915-1916 թթ. ոչնչացրին մի ողջ ժողովուրդ, երբ 1920 թ. շարունակում էին կոտորել ցեղասպանությունից փրկվածներին, որպեսզի ավարտեն հայերի «մաքրման» գործն իրենց ծննդավայրից, նախահայրերի երկրից: Ու՞ր եք դուք այժմ, այս աշխարհի’ հզորներ, երբ այս ոճիրների հեղինակների բարոյական հետևորդները, որոնց մեջ դուք ինքներդ պատասխանատվության ձեր բաժինն ունեք, աշխատում են ողջ աշխարհին ստել եղելության մասին: Ե՞րբ և ինչպե՞ս եք քավելու ձեր մեղքերը»:


Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Հաճըն» հայրենակցական միության անդամ, հաճընցի ականավոր գերդաստանի` Թուր-Սարգսյանների ներկայացուցիչ Համլետ Թուր-Սարգսյանը:


Միջոցառման ավարտին բեմ բարձրացավ նաև «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության վարչության անդամ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար, երեկոյի կազմակերպիչ, Հաճընի ութամսյա հերոսամարտի հերոս Արամ Կայծակի աջ ձեռք, օգնական ու համհարզ Սարգիս Ճրտխյանի թոռ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը: Հպարտանալով հաճընցիական ծագմամբ և հայրենակիցներին հիշեցնելով հաճընցու հայտնի խոսքը` «մեր նատուրոն բաշխո ի»` Հ. Գրիգորյանը նշեց. «Մենք դեռ հարցեր ունենք լուծելու, դեռ պիտի իրականացնենք մեր պապերի կտակն ու պատգամը»: Այնուհետև հավելեց. «Հաճընը սպասում է մեզ…»:

 

Նյութը՝ tesaket.info կայքից

  • 2015-04-22
×