Հիշողությանս ցաքուցրիվ պատառիկներից անմոռանալի մի հուշ է մնացել իմ հոգում, որն այս օրերի մեջ թացացնում է աչքերս, ու որից թեժանում է կարոտիս քուրան: Մայրիկիս տատիկին «մամո» էինք ասում... Մորս հետ երբեմն այցի էինք գնում նրան: Ամուր գրկում էր ինձ ու անհասկանալի խոսքեր մրմնջում. «Լաո՛, մռնիմ քըզի»: Տարիներ անց, երբ Մուշն ու մշեցին դարձան իմ հոգու անբաժանելի մասը, ես հասկացա այդ մոգական խոսքերի իմաստը… Իմացա, որ մամոն Ֆիդանն է, ով տասնամյակը դեռ չբոլորած՝ բռնել էր գաղթի ճամփան՝ հազարավորների պես հույսը սրտում, թե մի օր ետ է դառնալու…
Ֆիդանի կապո՜ւյտ-կապո՜ւյտ աչքերը փոխանցվել էին մորս, ում «Կասիմա» անունն էր կնքել՝ ի երախտագիտություն ասիացի մի կնոջ, ով իր եղբորը փրկել էր մահվան ճիրաններից: Հիմա՝ 100 տարի անց, մամոյի աչքերով մեզ է նայում եղբորս աղջիկը՝ շատ նման իր տատիկի տատիկին: Ո՞վ իմանա, գուցե Ֆիդան-մամոյի աչքերով ծնված հայուհին զորավոր կանչով մի օր ետ դառնա իր նախնյաց էրգիրը, համբուրի հողը Մշո… Եվ աստվածային միջամտությամբ տարրալուծվի «կարոտ» կոչվածը, դառնա բերկրանք ու երանություն…
Հ. Գ. Նկարում Ֆիդան տատն է՝ իր թոռնուհիների հետ: Գլխաշորով աղջնակը մայրս է:
ԱՀԹ արխիվի տնoրեն Մարիամ Կարապետյան