Ապրիլի 24-ին ԱՀԹ Շահումյանի ս.Աստվածածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի մոտ Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում տեղի ունեցավ գյուղի Արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դերենիկ քահանա Միքայելյանը դիմեց ներկաներին՝ մասնավորապես ասելով.« 20-րդ դարասկզբի առաջին մեծ ոճրագործությունից անցել է 100 տարի, սակայն մենք հիշում ենք ու պահանջում, որ թուրքը հատուցի այն վնասը, որ պատճառել է հայ ազգին»:
Տեր հայրը կոչ արեց համախմբվելու մեկ հավատքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին հոգևոր և արտաքին մարտահրավերները: Տ.Դերենիկն անդրադարձավ նաև Հայ Եկեղեցում վասն հավատի և վասն հայրենյաց նահատակների սրբադասմանն՝ ասելով. «Ի վերջո մենք պահանջատեր ենք և 100-տարի անց վճռականությամբ ու հանձնառությամբ այդ խնդիրների լուծումը պետք է ունենանք միշտ հիշելով և ունենալով նաև բարեխոսությունը մեր սրբերի»:
Միջոցառմանը ներկա էին Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը, գյուղապետարանի աշխատակազմը, Արվեստի դպրոցի տնօրեն Քրիստինե Հարությունյանը, հավատացյալներ: Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին