Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնելու համար

Բարեգործական համերգ՝ փոքրիկ Հասմիկին օգնելու համար

Ապրիլի 30՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Հույսի ձեռք» խորագրով բարեգործական համերգը: Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Սրբազան հորն ուղեկցում էին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը, Մասիսի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը:


Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է հնգամյա Հասմիկի՝ արտերկրում բուժման ծախսերը հոգալու համար: Նա ԱՀԹ Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի դուստրն է: Աղջնակի մոտ հայտնաբերվել է մանկական պարարիչ, և արտասահմանում թերապևտիկ բուժման ահնրաժեշտություն կա:
Համերգը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ կազմակերպել էր Մասիսի ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը: Համերգը վարեց Նազենի Հովհաննիսյանը: Ելույթ ունենցան ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Գոհար Հավհաննիսյանը, Ռուբեն Սասունցին և «Տավրոս» ազգագրական համույթը (գեղ. ղեկավար Լյուդվիգ Պողոսյան):


Համերգի ավարտին Հայաստանի Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության նախագահը Գագիկ Մխիթարյանը միության պատվոգիր հանձնեց Լյուդվիգ Պողոսյանին:


Վերջին երկու տարիների ընթացքում սա թեմում կազմակերպվող բարեգործական համերգներից երրորդն էր: Նախորդ տարի Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը «Նվիրիր Հույս» խորագրով բարեգործական երկու համերգ էր կազմակերպել: Առաջինի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին, իսկ երկրորդը՝ ծառայության ժամանակ թշնամու կրակոցների հետևանքով հաշմանդամ դարձած Գևորգ Եղիազարյանի ընտանիքին: Վերջինս ներառված էր նաև 2014թ.-ի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրում:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-04-30
×