Մայիսի 3-ին ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևման Ս. Խաչի տոնին Բաղրամյան փողոցի կանգառներում իրականացրեցին խաչի քարոզ. խաչեր բաժանեցին երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին և անցորդներին նվիրեցին խաչի պահպանիչ աղոթքներ:
Մինչ ծրագրի մեկնարկը երիտասարդները թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցում աղոթեցին: Ապա Տեր հայրը, դիմելով նրանց, մասնավորապես ասաց. «Դուք այսօր արդեն ստացել եք ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը և այդ օրհնությամբ ու խաչով զորացած գնում եք ձեր առաքելությունն իրականացնելու: Այսօր նշում ենք Տիրոջ խաչի երևման տոնը, որը հիշատակումն է Երուսաղեմի վրա մեծ, լուսե խաչի փայլատակման: Այդ լույսի շողարձակումները, լույսի օրհնությունները պետք է կարողանաք փոխանցել նրանց, ում կբաժանեք օրհնած խաչերը: Սա պարզ միջոցառում չէ, սա առաքելություն է, որ դուք իրականացնում եք: Եվ ուրախությամբ պիտի ասեմ, որ մեր ժողովուրդը սպասում է այս առաքելությանը, քանի որ անընդհատ զանգահարում և հարցնում են ծրագրի մասին»:
Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: Տ.Պետրոսի համակարգմամբ Խաչի քարոզն իրականացվում է արդեն երրորդ անգամ: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի մայիսի 18-ին՝ Երևման Ս. խաչի տոնին: Դրանից առաջ նրանք հանդիպել էին Սրբազան հոր հետ՝ խաչի մասին քարոզը լսելու: Քարոզն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ:
Երիտասարդներն այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը: