Ս. Հովհաննես եկեղեցում օրհնվեցին նոր աշտանակները

Ս. Հովհաննես եկեղեցում օրհնվեցին նոր աշտանակները

Մայիսի 7-ին ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի տնօրինությամբ տեղի ունեցավ եկեղեցու աշտանակների օրհնություն: Օրհնության կարգը նախագահում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Արարողությանը մասնակցում էին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, խորհրդակատար Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը և Տ. Դանիել քահանա Բաղումյանը:


Աշտանակները եկեղեցուն են նվիրաբերել բարերարներ Արսեն և Արամ Գալստյաններն՝ ի հիշատակ իրենց գերդաստանի ննջեցյալների:


Արարողության ավարտին Մուշեղ Սրբազանը շնորհակալություն հայտնեց բարերարներին. «Սրտաբուխ այս նվերը ձեր գերդաստանի բոլոր ննջեցյալների հոգու հանգստության համար է: Վստահեցնում ենք ձեզ, որ այս եկեղեցու հոգևոր բոլոր սպասավորները և հավատացյալները, ովքեր աղոթելու են մեր հայրենիքի խաղաղության ու եկեղեցու պայծառացման համար, իրենց աղոթքներում պիտի հիշեն նաև ձեր անցավորներին: Լույսը մարդկային կյանքի ամենակարևոր ու ամենաորոշիչ հանգամանքներից մեկն է: Դուք կամեցաք, որ այս աշտանակները լուսավորեն եկեղեցին: Դրանց նայող յուրաքանչյուր մարդ խորհրդաբանորեն պիտի ջերմանա և լուսավորվի Տիրոջ լույսով: Փառք տանք ու խնդրենք Աստծուն, որ ձեզ պես հայորդիներին և նրանց, ովքեր աղոթակից են ձեզ, միշտ հարյուրապատիկը հատուցի մեծ կամ փոքր գործի, նվիրատվության համար: Թող Աստված օրհնի ձեզ ամենքիդ: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:


Տ. Վահանը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնություններն ու կրկին շնորհակալություն հայտնեց բարերարներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-05-06
×