Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում համախմբված սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ երեք տարի է ինչ նշում է իր բոլոր գեղեցիկ ավանդույթները:
Սիրիահայի համար առանձնահատուկ ամիս է մայիս ամիսը: Իրենց ավանդույթի համաձայն, այս ամսին անցկացվում են մայիսյան ժամերգություններ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնին:
Մայիսի 6-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Գրիգորի գլխավորությամբ երեկոյան ժամերգություն անցկացվեց, որին ներկա էր նաև Հայաստան ժամանած Հալեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազ քահանա Մասոյանը: Ժամերգությունից հետո Տեր Հայկազը իր շնորհակալությունը հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ իրեն առիթ ընձեռնվեց օրվա արարողությանը մասնակից լինել, շնորհակալություն հայտնեց նաև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականներին: Ապա օրվա խորհրդին նվիրված Տեր Հայկազը իր քարոզում ասաց, որ առաջին մեղքի պատճառով մարդը ժառանգեց անիծյալ կյանքը, և մարդու անկման պատճառը եղավ կինը և կինն էլ պատճառ եղավ մարդու փրկության. կնոջից՝ Սուրբ Կույսից, ծնվեց աշխարհի Փրկիչը: Տեր Հայրը Սուրբ Գրքից Աստվածամորը նվիրված հետևյալ մարգարեությունը մեջբերեց. «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդոց 3:15): Խոսեց այն մասին, որ Աստվածամոր ընտրությունը պատահական չեղավ և որ քրիստոնյան իր կյանքի ամենապարզ և ամենախրթին պահերին Աստվածամոր բարեխոսությանն է դիմում՝ նշելով, որ Աստվածամայրը բարեխոս է և ոչ միջնորդ: Իսկ Աստվածամայրը օրինակ է բոլորին իր հնազանդությամբ և խոնարհությամբ, որոնց շնորհիվ Մարիամը դարձավ Տիրոջ մայրը և մարդկության փրկության պատճառը:
Քարոզի ավարտին հնչեց «Խնկի ծառին նման ես», «Տեր ողորմյա» շարականները և «Աստվածածին անհարսնացեալ» տաղը, որոնց հաջորդեց Աստվածամորը ուղղված բարեխոսական աղոթքը:
Մեծ թվով սիրիահայեր էին մասնակցում ժամերգությանը: Տիկնանց միության անդամ Սիրանուշ Գյումրույանը նշեց, որ մայիս ամիսը իրենք կոչում են վարդերի ամիս նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնին. «Վարդերը ծաղկում են մայիս ամսին և Հալեպում մի սրբանկար ունենք, ուր վարդերով պատված Աստվածամայրը ջախջախում է օձի գլուխը: Սուրբ Տիրամայրը՝ մայրերի Մայրը, մայրերի Թագուհին, խոնարհության և շատ այլ առաքինությունների օրինակ է մեզ համար հանդիսանում: Ամեն տարի մայրերի տոնին մենք նախ նշում ենք մայրերի Մայր՝ Աստվածամոր տոնը, ապա մեր մայրերի տոնը»,- ասաց Սիրանուշը:
Իսկ Արփի Առնելյանը նշեց, որ մեր հավատքն է մեզ հայ պահել սփյուռքում: Նրա համար միշտ սպասելի ամիս է Սուրբ Աստվածամորը նվիրված մայիսյան ամիսը. «Իմ ամենօրյա աղոթքի մեջ ես միշտ դիմում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը՝ նրան հանձնելով իմ հոգսերը»:
Տեր Հայկազ քահանա Մասոյանը, ով մի քանի ամսով Հայաստանում է, գոհունակությամբ նշեց, որ սիրիահայ համայնքը Հայաստանում Սրբազան Հոր օրհնությամբ և Տեր Գրիգորի առաջնորդությամբ, իր հոգևոր կյանքում առաջընթաց ապրելով, պահպանում և նշում է իր ավանդույթները: «Երկար տարիներ է ինչ Սիրիայում մենք ավանդույթ ունենք մայիսյան
ժամերգություններ անցկացնելու Աստվածամորը նվիված: Ողջ մայիս ամսին շաբաթվա մեջ հինգ օր՝ երկուշաբթի օրվանից մինչև շաբաթ օրը, երեկոյան ժամերգությունից հետո քարոզ է լինում, ապա Աստվածամորը նվիրված բարեխոսական աղոթքներ են ասվում և նրան նվիրված շարականներ երգվում»,- ասաց Տեր Հայկազը:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ողջ մայիս ամիս ամեն չորեքշաբթի կշարունակվեն մայիսյան ժամերգությունները նվիրված Սուրբ Աստվածամորը:
Աղբյուր՝ www.surbzoravor.am