Զորավոր Ավետարանը բերվեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Զորավոր Ավետարանը բերվեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի

Զորավոր Ավետարանը բերվեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի

Մայիսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրվա առթիվ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր Ս. Ավետարանը: Հավատացյալները թափորով դիմավորեցին 13-14-րդ դարերին թվագրվող Ս. Ավետարանը:


Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց ս. Պատարագ: Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն էր:


Հավատացյալները մինչև երեկոյան ժամերգությունը կարող էին իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերել այս սրբությանը: Հավարտ ս. պատարագի համայնքի անդամները մատաղ հյուրասիրեցին:

 

Մայիսի 14-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ առթիվ արդեն երրորդ անգամ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եկեղեցի է բերվում Զորավոր Ավետարանը: Դրա հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Եվ հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է երկար տարներ, մարդիկ կոչել են Զորավոր:


Այս տարի Ս. Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրը համընկել է Համբարձման տոնի հետ:

 

Զորավոր Ավետարանը


ԱՀԹ-ի Զորավոր ս. Աստվածածինը Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբնապես այն կոչվել է ս. Աստվածածին, այնուհետև վերանվանվել է Զորավոր ս. Աստվածածին: Զորավոր բառի երկու բացատրություն կա: Ըստ մի վարկածի եկեղեցին զորավոր է կոչվել այստեղ հանգչող ս. Անանիա առաքյալի հրաշագործ մասունքների շնորհիվ: Նրա անունը կրող մատուռը հայտնի ուխտատեղի է: Ս. Անանիայից բժշկվելու բարեխոսությունը խնդրելու են գալիս ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի՝ հատկապես՝ հույն և ռուս ուխտավորներ:


Մյուս վարկածը կապված է Զորավոր Ավետարանի հետ: Այն այնքան մեծ զորություն է ունեցել, որ նրա հետ կապված բազում հրաշքներն են պատմվում:


Սմբատ Գունդստաբլի (1208-1276) Ավետարանի հետ ունեցած մանրանկարչական նմանությունը և գրչությունը ենթադրել են տալիս, որ այն գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում, 13-14-րդ դարում: Ձեռագիրն այժմ ունի 292 մագաղաթյա թերթ, 23,5x17,7 մեծությամբ: Նկարներից շատերը պակասում են, կտրված են որոշ խորաններ:


14-րդ դարի վերջին ձեռագիրը բերվել է Երևան: Լենկթեմուրի առաջին արշավանքի շրջանում Երևանցի Վիշապիկի որդի Հակոբը գնում է սույն Ավետարանը: Հակոբը մագաղաթյա Ավետարանի վերջում ավելացրած երկու թերթի վրա Բջնիի և Այրարատի Մանուել եպիսկոպոսին գրել է տալիս ձեռագրի գնման ու ընծայման պատմությունը, և ապա նվիրում է Երևանի Երկուերեսանի Ս. Նշան եկեղեցուն:


Ավետարանն, ի պատիվ ընծայողների, կոչվում է «Վիշապկենց Ավետարան» և մի քանի դար մնում է այդ եկեղեցում:


15-րդ դարի վերջին Երևանի Երկուերեսանի եկեղեցու սպասավոր և Ավետարանը նորոգող Ներսես Մոկացին հավաստում է, որ «Վիշապկենց Ավետարանն» այդ ժամանակ արդեն հռչակված էր իր զորությամբ, և բազմաթիվ երևանցիներ ականատես էին եղել նրա «բժշկության զորությանը»: Ավետարանը Երկուերեսանի եկեղեցում արդեն «Զորավոր Ավետարան» է կոչվել:


Հետագայում Զորավոր Ավետարանը տեղափոխվել է Ս. Անանիա առաքյալի անապատում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի, և նորակառույցը հռչակավոր Ավետարանի անունով հայտնի է դարձել որպես «Զորավոր» եկեղեցի:


Այն մի քանի անգամ հիմնահատակ լինելուց և որպես Սուրբ Աստվածածին վերակառուցվելուց հետո շարունակում է կոչվել Զորավոր: Այդպես էր կոչվում նա նույնիսկ այն ժամանակ, երբ «Զորավոր» ձեռագիրը բացակա էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց: Այդպես է կոչվում եկեղեցին ցայսօր:

 

Ս. Մովսես Տաթևացի


Ս. Մովսես Գ Տաթևացին (1578-1632) (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի) ծնվել է Սյունիքի Խոտանան գյուղզում: Մահացել է Երևանում և ամփոփվել է Կոզեռնի մատուռում՝ Կոզեռն ու Մելքիսեթ Վժանեցի վարդապետների կողքին: Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 1629- 1632թթ։


Կրթություն ստանալով Տաթևի վանքում՝ 1592 թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606 թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ 1610 թվականից Երուսաղեմում դարձել է Ս. Հարություն տաճարի լուսարար։ 1613 թվականին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։


Մոտ 1620 թվականին Երևանում քարոզում է Ս. Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները։ 1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, 1626 թվականին մեկնում է Սպահան։ Պարսից շահ Աբբաս I-ը, 1627 թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Ս. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Ս. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոնի և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Ս. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ 1628 թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է 1629 թվականի հունվարի 13-ին։

 

Ս. Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացնում է Արևելյան Հայաստանի ավերված մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։


Ս. Մովսես Տաթևացին Հայ եկեղեցու սրբադասված վերջին սուրբն է: Նրա անունը Ս. Գրիգոր Տաթևացու հետ հիշատակվում է Ս. Պատարագի ընթացքում:

  • 2015-05-14
×