Մայիսի 14-ին Հայ Եկեղեցին նշեց Համբարձման տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական ս. Պատարագ:
ԱՀԹ Նորք-Մարաշի ս. Աստվածածին եկեղեցում հավարտ ս. պատարագի հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանն օրհնեց տոնի առթիվ եկեղեցի այցելած Նորք- Մարաշ համայնքի մանկապարտեզների երեխաներին, Երևանի N 2 հատուկ դպրոցի սաներին:
Եկեղեցու երիտասարդաց միության անդամները Համբարձման տոնի ժողովրդական սովորություններով հագեցած տոնախմբություն էին կազմակերպել: Քահանաների գլխավորությամբ և գիշերօթիկ դպրոցի սաների հետ համբարձման երգերով շրջեցին թաղամասում, այցելեցին թաղապետարան: Երեխաները մեծ ոգևորությամբ էին մասնակցում Համբարձման տոնին: Նրանք տոնական զգեստներով ու ծաղկեփնջերով զարդարված, ծիսական երգերով գովերգում էին նվիրատուներին: Համբարձման գովերգերի դիմաց պատանիները քաղցրավենիք նվեր ստացան: Հավաքված նվերները բաժանեցին Նորքի տուն ինտերնատի ծերերին: Այստեղ Տ. Զաքարիան ողջունեց ծերերին ու շնորհավորեց տոնի առթիվ՝ նրանց փոխանցելով Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությունները:
Տուն ինտերնատի բնակիչ ծերերը հուզված էին երեխաների անակնկալով և իրենց ջերմ շնորհակալությունն ու սերը փոխանցեցին նրանց:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին