«Մենք կկարողանա՞նք էլի մասնակցել գրաբարի ծրագրին». ուխտագնացության գրաբարյան օլիպմպիադայի մասնակիցների հետ
«Մենք կկարողանա՞նք էլի մասնակցել գրաբարի ծրագրին». ուխտագնացության գրաբարյան օլիպմպիադայի մասնակիցների հետ
Մայիսի 15-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ գրաբարյան առաջին օլիմպիադայի մասնակից աշակերտներն իրենց ուսուցիչների հետ մասնակցեցին ուխտագնացությանը: Շուրջ 80 պատանի Արագածոտնի թեմի Օշականի ս. Մեսրոպ Մաշտոց և Մուղնու ս. Գևորգ եկեղեցներ այցելեցին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար և «Գրաբարյան օրեր» ծրագրի պատասխանատու Տ. Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ: Ուխտագնացությունն իրականացվեց ԿԿ ՀԳՆ նախարարության աջակցությամբ:
Ուխտավորներն ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ճանապարհի աղոթքը վերառաքեցին, եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը նրանց օրհնեց ու բարի ճանապարհ մաղթեց:
Օշականի ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վիգեն քահանա Մանուկյանը ողջունեց ուխտավորներին, իր ուրախությունը հայտնեց, որ դպրոցականները մասնակցել են «Գրաբարյան օրեր» ծրագրին՝ համախմբվելով հայոց ոսկեղենիկ գրաբարի շուրջ: Պատանիները հոգևորականների հետ Այբուբենի աղոթքն ասելուց հետո իրենց խոնարհումը բերեցին սուրբ վարդապետի շիրմին:
Ապա ս. Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը Տ. Վիգենի ուղեկցությամբ ուխտավորները շրջեցին թանգարանում՝ ծանոթանալով ներկայացված հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններին, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների սաների աշխատանքներին:
Այնուհետև Աշտարակի ս. Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղևոնդ քահանա Գափոյանը համառոտ ներկայացրեց Արագածոտնի թեմի սրբավայրերի հարուստ և բազմադարյան պատմությունը՝ նշելով, որ թեմում կա 160-ից ավելի եկեղեցի, 50 մատուռ և 1500 պատմամշակութային կոթող:
Տ. Պարթև քահանա Մուրադյաը Տ. Վիգենին խնդրեց ուխտավորների շնորհակալությունը փոխանցել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին իրենց հյուրընկալելու համար: Կարևորելով երկրի և մշակույթի ճանաչումն ու պահպանումը՝ Տ. Պարթևը նշեց, որ տուն կառուցողն ինքն է զբաղվում իր տան խնդիրներով և ոչ թե որևէ մեկին մեղադրում իր քանդված տան կամ վատ դաստիարակված երեխայի համար: Նույն է պարագան մեր երկրի հետ, որը մեր մեծ ընտանիքն է: Ապա Տեր հայրը Տ. Նավասարդ Սրբազանի անունից գրաբարյան օլիմպիադայի մասնակից դպրոցներին հանձնեց շնորհակալագրեր:
Հոգևոր զրույցից հետո պատանիները բաժանվեցին չորս խմբի, որպեսզի մասնակցեն ընտանիքի մասին քննարկմանը: Նրանք փորձեցին իրենց տեսակետից ներկայացնել գյուղի ընտանիքի առօրյան: Հանձնարարությունը նպատակ ուներ վեր հանել ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարտականությունն ու պատասխանատվությունը, նորովի նայել ընտանիքին, հասկանալ ու արժևորել իրենց դերն ու պարտականությունները:
Սիրո ճաշից հետո խումբն ուղևորվեց դեպի Մուղնու ս. Գևորգ եկեղեցի: Բակում նրանք ազգային երգի մրցույթ կազմակերպեցին, պարեցին: Ապա մասնակցելով երեկոյան ժամերգությանը՝ վերադարձան Երևան:
Պատանիներին շատ էր հետաքրքրում , թե արդյո՞ք իրենք կկարողանան կրկին մասնակցել գրաբարի ծրագրին ու օլիմպիադային: Տեր Պարթևը նրանց ուրախացրեց դրական պատասխանով: Պարմանուհիներից մի քանիսն էլ խոստացան ծրագրեր առաջարկել՝ գրաբարն իրենց հասակակիցների շրջանում հետաքրքիր դարձնելու համար:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և աջակցությամբ «Գրաբարյան օրեր» ծրագիրը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերի 5-ին: Ծրագիրը նպատակ ունի վերարժևորելու ս. Թարգմանիչների գործը և վերացնելու գրաբարի շուրջ ստեղծված կարծրատիպերը: Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ՀՀ ԿԳ նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: Գրաբարի առաջին օլիմպիադայի հաղթողներին համակարգիչներով ու պլանշետներով էր պարգևատրել «Փյունիկ» հիմնադրամը:
Երևանի պետական և մասնավոր ավագ դպրոցների աշակերտները «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում մասնակցել են տարբեր միջոցառումների, գրաբար տեքստերի ընթերցումների, գրաբարի տեսադասընթացի ցուցադրության, ինչպես նաև առաջին անգամ կազմակերպված գրաբարի օլիմպիադային: Կազմակերպիչների խոսքով նման բուռն արձագանքը, որ ծրագրի մեկնարկի ժամանակ չէին ակնկալում, ցույց է տալիս, որ ազգային ժառանգության բանալի գրաբարը հայ պատանիների համար հետաքրքիր ու կարևոր է: