«Կոմիտասը մանուկների շուրթերով»

«Կոմիտասը մանուկների շուրթերով»

Մայիսի 16-ին Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակում ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը (գեղ.ղեկ. Գոհար Հարությունյան) Կոմիտասյան երգերի կատարմամբ ելույթ ունեցավ  Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում:

Մինչ դահլիճ բարձրանալը թանգարանի բակում ներկաները Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ Տերունական աղոթքն ասացին: Ապա Գր. Առաքելյանի կոմիտասյան մշակումների ներքո «Զորավոր մանկունքը» Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնի մագիստրանտների հետ պարեցին:

 

Երգչախումբը «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ հանդիսատեսին ուղեկցեց դեպի թանգարանի դահլիճ, ուր ներկայացրեց «Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիան: Կոմպոզիտոր Գիրգոր Առաքելյանը հայկական վիոլայով համեմեց երաժշտական երեկոն:

 

Երեխաները մեծ խանդավառությամբ ներկայացրին Կոմիտասի մանկության պատմությունը, այդ շրջանի նրա բանաստեղծությունները՝ «Ես սիրեցի անփուշ վարդ», «Կյանք», «Դիտակ», «Կարմիր բոց», «Եռ ու սեր», «Գորով սեր», «Աշուն-գիշեր», «Աստված իմ», «Գարուն»:

 

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը մանուկների շուրթերով ունկնդրեց Կոմիտասի ժողովրդական և հոգևոր երգերը, հատվածներ ս. պատարագից: Ելույթ ունեցավ նաև երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանը՝ կատարելով Կոմիտասի «Օրորը», «Գարուն ա» և «Սասունցի Դավիթ» էպոսի երգային հատվածը՝ «Զողորմին»:

 

Միջոցառման  ավարտին Տ. Գրիգորն իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսին, ում օրհնությամբ է գործում «Զորավոր մանկունք» երգչախումբը: Տեր հայրը նաև շնորհակալություն հայտնեց Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանին երկամյա համագործակցության համար և համերգի կազմակերպիչներին ու մասնակիցներին: Տ. Գրիգորը նշեց, որ հաճելի էր լսել Կոմիտասը մանուկների շուրթերից եռաձայն երգեցողությամբ և վստահ է, որ երգչախումբը կհամալրվի  զորավոր մանուկներով:

 

Աննա Սարգսյանը թանգարանի անունից հուշանվերներ հանձնեց երգչախմբի գեղ.ղեկավարին և Տեր հորը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-05-16
×