«Երբ հոգիս տկարացավ, քե՛զ դիմեցի, Տե՛ր իմ Աստված. մտաբերեցի Տիրոջը, և թող իմ աղոթքները հասնեն քո սուրբ տաճարը» (Հովնան 2.8):
Հովնան մարգարեի օրինակով Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հորդորում է դժվարին, ծանր վիճակներում մտաբերել Աստծուն, Նրա բարությունը, մեծությունը, ողորմությունը և անսահման սերը։ Հիշենք, որ Աստծո օգնությամբ ու զորությամբ հնարավոր կլինի դուրս գալ ցանկացած ծանր ու հոգեմաշ իրավիճակից: Ու մեզ համար ավելի կարևոր ու թանկ բան հավանաբար չպետք է լինի կյանքում, բացի այն գիտակցումից, երբ հասկանում ենք, թե մեր աղոթքները ինչպես են հասնում երկինք:
Երբ Տերը տեսնում է՝ ինչպես ենք դառնում դեպի իրեն՝ զղջմամբ ու ապաշխարությամբ, ինչպես ենք փորձում փոխել մեր կյանքը, այն սխալները, որ ժամանակին կատարել ենք՝ գուցե որոշները գիտակցելով, որոշներն էլ՝ պարզապես չհասկանալով, այդ պահից սկսած Նա մեզ պահում է իր մոտ ավելի լավը ու կատարյալը դարձնելու համար:
Այս մասին խոսելիս՝ մեր հավատքի հայր Ս․ Գրիգոր Լուսավորիչն իր «Հաճախապատում ճառերում» ասում է. «Զղջումով և ապաշխարությամբ լվանանք մեր սիրտը և մեր միտքը վեր բարձրացնենք դեպի Աստծո սերը ու մեր հանդեպ Նրա գթառատ խնամքը»։
Ամեն բան կախված է նրանից, թե ո՛ւր ենք նայում։ Եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք աշխարհի կամ ինքներս մեզ վրա, ապա միշտ էլ անհանգստության առիթ կգտնենք։ Իսկ եթե աղոթքով հասնենք Աստծուն, Նրա սիրուն և անսահման բարությանը, անպայման խաղաղություն կգտնենք։
Ուրեմն, այսուհետ անցողիկ խնդիրների ու մտահոգությունների վրա կենտրոնանալու փոխարեն, եկեք փորձենք մեր հայացքները դարձնել դեպի Աստված և «մեր միտքը հանապազ վեր բարձրացնենք դեպի հավիտենական երանությունները» (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ճառ 20):