Բարությունը այնպիսի մի վիճակ է, որ վկայում է ներքին մեծ ուժի մասին, որից զրկված են չարություն գործող մարդիկ, ի դեպ վերջիններս զրկված են նաև երջանկությունից, ուրախությունից, սիրուց: Սովորաբար բոլորին էլ հետապնդում են վատ մտքեր։ Ամեն օր մենք ասես ռմբակոծվում ենք տարբեր առաջարկներով և գայթակղություններով, որոնք դրդում են մեզ սխալ գործելու։ Այն, թե ինչ կպատահի մեզ, կախված է մեր կայացրած որոշումներից. կարող ենք անմիջապես վատ մտքերը վանել մեզանից կամ էլ հակառակը՝ տարվել այդ բացասական մտքերով և թույլ տալ, որ դրանք զարգանան։
Կյանքում միշտ էլ ցավոտ իրավիճակներ լինելու են, սակայն այդ ամենի գիտակցումը չպետք է մարդուն հուսահատեցնի: Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը, հիմարը այդ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա: Իսկ չարակամ մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը:
Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, պետք չէ վախենալ գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Եթե բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, լսիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե խաբվես կամ հալածվես ուրիշներից կամ ինքդ քեզնից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, որովհետև ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան են իրարից:
Պատժվու՞մ է արդյոք չարը այսօր և ինչպե՞ս: Որն է ելքը բարու հաղթանակի:
Բամաթիվ հարցեր, որ ուղղվում են հոգևորականներին, չարի անպատժելիության մասին է: Նրանք մատնացույց են անում մարդկանց և վկայում նրանց անօրեն ընթացքը, մարդկանց դառնություններ պատճառելը, անհիմն չարախոսելն, թեպետ դա ժամանակավոր բնույթ է կրում, սակայն, ովքեր այդպիսի բաներ են անում ու չեն պատժվում շատ ավելի ողորմելի ու դժբախտ մարդիկ են, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» (Սաղմոս 7:16), ուղղակի փոքր-ինչ համբերություն է պետք և ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է:
Իսկ մինչ այդ պարզապես փորձեք ամենուր փնտրել բարին ու հենց որ հայտնաբերեք, հանեք այն աշխարհի իր թաքստոցից. թող որ բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: