Մեր կյանքի զանազան իրավիճակներում ենք առիթ ունենում մտածելու երջանկության մասին։ Ի վերջո, ո՞վ է երջանիկ։
Մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր հասել են հաջողությունների, ովքեր չեն ունեցել մեծ կորուստներ իրենց կյանքում, ովքեր մշտապես խաղաղ ու հանգիստ կենցաղ են վարել՝ երբևէ չբախվելով ծանր դժբախտությունների հետ։ Երբ նրանց հարցնում են, թե արդյոք երջանի՞կ են նրանք, պատասխանը լինում է հետևյալը․ «Երջանիկ եմ, սակայն ինչ-որ բան պակասում է լիարժեք երջանիկ զգալու համար»։
Եվ մյուս կողմից էլ հանդիպում ենք մարդկանց, ովքեր բախվել են ամենածանր ու դժվար փորձությունների ու կորուստների հետ։ Ովքեր որպես փորձություն ստացել են ամեն հնարավոր վատը՝ դրանից արժանապատվորեն դուրս գալով։ Եվ այդ մարդկանցից շատերին էլ, երբ հարցնում ենք, թե արդյոք երջանի՞կ են, պատասխանը լինում է հետևյալը․ «Այո, երջանիկ եմ»։
Փիլիսոփաներն ու մի շարք մտածողներ փաստում են՝ ողջ կյանքդ չես կարող երջանիկ ապրել, երջանկությունը պահ է, ակնթարթ, և մեր խնդիրն է հնարավորինս երկարացնել այդ պահը, շատացնել նման երջանիկ ակնթարթները մեր կյանքում։
Ո՞րն է, ուրեմն, իրական երջանկությունը քրիստոնյայի համար՝ ըստ Աստվածաշնչի։ Իրական երջանկություն է այն,երբ քավում ես մեղքերդ, Աստծուց ողորմության շնորհի արժանանում ու ապրում ես Տիրոջ ու մարդկանց հետ ներդաշնակ: Իրական երջանկությունը մեքերից զերծ մնալն է, մաքրվելը՝ պատրաստվելով Տիրոջ հետ հանդիպմանը։ Սաղմոսերգուն հենց այս մասին է խոսում Աստվածաշնչում՝ ասելով․
«Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց
և ում բոլոր հանցանքները ծածկվեցին:
Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում,
և որի բերանում նենգություն չկա» (Սաղմ․ 31։1-2)։
Հենց սա է այն, ինչ պակասում է մեզ՝ լիարժեք երջանկության համար։ Ուրեմն՝ աղոթենք, որ Տերը մեզ էլ արժանացնի այս շնորհին, որ կարողանանք զգալ և վայելել այն բերկրանքը, ինչը կոչված է համարվելու քրիստոնեական երջանկություն։