Լավագույն մաղթանքն ու պատգամը՝ խաղաղություն

Լավագույն մաղթանքն ու պատգամը՝ խաղաղություն

«Խաղաղություն եմ թողում ձեզ»

 

Երբ ընկնում ենք տարբեր փորձությունների ու անցանկալի իրավիճակների մեջ, կորցնում ենք ամենաթանկը՝ մեր հոգևոր խաղաղությունը։  Այդպիսի պահերին է, որ գնահատում ու արժևորում ենք այն խոսքը, որ հնչում է Սուրբ Պատարագներին՝ որպես պատգամ, որպես մաղթանք հավատավորներին՝ «Խաղաղություն ամենեցուն»։ Այդ պահերին է, որ զգում ենք, թե որքան կարևոր էր մեզ համար խաղաղությունը։ Չէ՞ որ մենք էլ մեր մտերիմներին, մեր սիրելիներին էինք մաղթել այն՝ նրանց ծննդյան օրերին, երբ ցանկացել էինք լավագույնը նրանց համար։

 

Սակայն խաղաղությունը, ինչպես ամեն լավ բան, միայն կորցնելով է, որ գնահատում ենք, քանի որ տեսնում ենք, թե որքան է փոխվում մեր կյանքը, անշուշտ, բացասաբար։ Խաղաղությունը կորցնելով՝ հեռանում ենք Քրիստոսի խոսքից, Նրա պատգամներից, չենք տեսնում մեր մեջ աստվածային լույսը։ Մի պահ անգամ, խաղաղությունը կորցնելով, հիշում ենք, թե ինչպիսին էր մեր կյանքը նախկինում, ու կարոտում ենք մեր նախկին կենցաղը՝ մի ժամանակ, երբ գուցե ապահովված չէինք շատ այլ նյութական երևույթներով, որոնք այսօր մեզ բարեկեցիկ են դարձնում, սակայն ունեինք ամենակարևորը՝ հոգևոր խաղաղություն։

 

Հիշում ենք նաև մեզ՝ խաղաղ ժամանակներում։ Որքան դժգոհ էինք ամեն բանից։ Որքան մանրուքներում էինք արտահայտում մեր դժգոհությունը, որքան էինք ցանկանում փոխել ինչ-որ բան, ավելի լավը դարձնել։ Ցավալիորեն տեսնում ենք, որ մենք պարզապես վարվում էինք անշնորհակալի նման՝ չգնահատելով այն, ինչ ունենք, երբևէ չմտածելով ամենաթանկի՝ հոգևոր խաղաղության մասին։

 

Այսպիսի պահերին է, որ ինքներս մեզ ուղղում ենք կարևոր հարցը՝ ինչո՞ւ եմ խաղաղությունն արժևորում միայն «պատերազմի» պահին, ինչո՞ւ եմ ոչ խաղաղ ժամանակներում կարոտում ու գնահատում ամենաթանկը և ինչո՞ւ ըստ արժանվույն չգնահատեցի այն, ինչ պարգևել էր Աստված, ինչո՞ւ իմ հոգևոր խաղաղությունը, որ տրվել էր որպես պարգև, ինձ սովորական ու բնական թվաց:  

 

Մշտապես ջանք թափենք՝ դառնալու դեպի խաղաղությունը։ Չէ՞ որ Քրիստոս Ինքն ասաց․ «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ…» (Հովհ․ 14:27), և չէ՞ որ առաքյալն ինքն է ասում, թե «Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով» (Փիլիպ. 4:7):

 

Խաղաղության աղոթք

 

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

  • 2022-05-07
×