Մայիսի 18-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Համբարձման տոնը ՀԲԸՄ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդյաց տան սաների մասնակցությամբ և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ:
Միջոցառումը սկսվեց եկեղեցում ջրի օրհնության կարգով, որն ավանդույթի համաձայն բերվել էր յոթ տարբեր աղբյուրներից: Այնուհետև զարդարված խաչով՝ Խաչամերով, խաչվառով, ներկաները, հոգևոր դասի գլխավորությամբ՝ թափոր կազմած, իջան եկեղեցու հարակից այգի: Թափորը խորհրդանշում էր 1441 թվականին՝ Համբարձման տոնին, Կաթողիկոսական Աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելը:
Մինչ տոնի ժողովրդական մասի սկսելը եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը պատմեց Համբարձման տոնի խորհրդի և Սսից կաթողիկոսության տեղափոխության մասին:
Իրենց գեղեցիկ երգ ու պարով ելույթ ունեցան Հայորդյաց տան «Նարեկ» պարային և «Հայկազունք» երգ ու պարի ազգագրական համույթների շնորհալի սաները:
Ներկաները ճաշակեցին ծեսի ավանդական կերակուրը՝ կաթնապուրը:
Միջոցառման ավարտին Տ. Նորայրը պահպանիչ աղոթքով արձակեց հավաքվածներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին