«Իզաբել» շնորհալիների կենտրոնի փառատոնի մրցանակաբաշխությունը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Իզաբել» շնորհալիների կենտրոնի փառատոնի մրցանակաբաշխությունը

«Իզաբել» շնորհալիների կենտրոնի փառատոնի մրցանակաբաշխությունը

Մայիսի 21-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը մասնակցեց Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Իզաբել» շնորհալիների կենտրոնի կազմակերպած փառատոնի գալա համերգին, որը  նվիրված էր Հայոց մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

 

Տեր հոր գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր հայրը ներկաներին, հատկապես՝ փառատոնի մասնակից փոքրիկ շնորհալիներին, փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունները:

 

Փառատոնին ելույթ ունեցան Երևանի, Փարաքարի և Տավուշի մարզի մի շարք գյուղերի շնորհալի երեխաներ, որոնք ընտրվել էին «Իզաբել» շնորհալիների կենտրոնի կողմից անցկացված մրցույթների ժամանակ:

 

Միջոցառումն ավարտվեց պատվոգրերի և նվերների հանձման հանդիսավոր արարողությամբ:

 

Մրցույթներին այս տարի մասնակցել է 350 շնորհալի պատանի, որոնցից 150-ը երգի, պարի, երաժշտական գործիքների և կերպարվեստի անվանակարգերում անհատ կատարողներ են: Մրցույթներն անցկացվել են Երևանում՝ ԱՀԹ առաջնորդարանում, Փարաքարի արվեստի դպրոցում և  Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

 

ԱՀԹ-ից ժյուրիի կազմում էին առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, «Ծաղկազարդ» համախմբի գեղ. ղեկավար Լիլիթ Գրիգորյանը և «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Հասմիկ Եղիազարյանը:

 

Մրցույթի մասնակից 100 շնորհալիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող նվերներով:

 

«Իզաբելի» բոլոր համերգները, փառատոներն ու հյուրախաղերն ուղեկցվել են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

 

  • 2015-05-21
×