Մայիսի 27-ին ԱՀԹ Երևանի ս.Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության «Օվսաննա» երգչախումբը Հայ հոգևոր երժշտության պետական կենտրոնի հրավերով համերգ տվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ներկաներին ողջունեց ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը՝ մասնավորապես ասելով. «Սիրելիներ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությաբ և աջակցությամբ դարձյալ առիթ ունենք միասնաբար մեկտեղվելու այս նվիրական հարկից ներս և ուկնդիր լինելու «Օվսաննա» երգչախմբի ելույթին: Երգչախումբն իր գեղեցիկ կատարումներրով մշտապես մեզ ոգևորել է մեր հավատքի մեջ: Վստահաբար այս համերգը մի գեղեցիկ առիթ է ավելի զորանալու մեր Աստվածահաճո առաքելության մեջ: Աստված թող օրհնի ամենքիդ: Շնորհակալություն, որ հիմա այստեղ եք և ձեր ներկայությամբ պիտի պատվեք այս համերգը: Բոլորս միասնաբար ուժ և կորով մաղթենք մեր սիրելի երգչախմբին: Աստված պահապան»:
Երգչախումբը կատարեց Քրիստոսի աշխարհիկ կյանքին, մկրտությանը, Մեծ պահքի, Ոտնլվայի, Հարության և ս.պատարագին նվիրված շարականներ: Հնչեցին նաև Բրամսի, Ջուզեպե Վերդիի կանանց երգչախմբի համար գրված ստեղծագործություններից: Համերգը եզրափակվեց Կոմիտասյան աշխարհիկ ստեղծագործությունների կատարումներով:
Համերգի ավարտին մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Ես առաջին անգամ եմ լսում այս խմբին: Ճիշտն ասած՝ իմ սպասելիքները գերազանցվեցին. ինչ- որ սպասում էի, շատ ավելին գտա այստեղ: Գտա այն, որ մեր հարուստ, հայկական, հոգեպարար մեղեդիներն արտահայտվում են շատ զուլալ ձևով, մաքուր ձևով՝ առանց գործիքավորման, ինչպես, որ հիմա ժամանակակից պահանջներն են թելադրում, որը շատ վատ է: Այս երիտասարդության շնորհիվ մեր հարստությունը պետք է հարատևի, հետևաբար լավ պահենք այս խումբը. շնորհակալություն»:
Համերգին ներկա էին նաև ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը, Երևանի ս.Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ.Շմավոն քահանա Ղևոնդյանը, հյուրեր և այլք:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին