Համերգ՝ նվիրված Մայիսի 28-ին

Համերգ՝ նվիրված Մայիսի 28-ին

Մայիսի 28-ին ԱՀԹ Նոր Նորքի ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը մասնակցեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի հայորդաց տան կազմակերպած համերգին: Համերգը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնին:


Կուրսանտները դիտեցին Հայորդաց տան սաների դեկորատիվ կիրառական բաժնի և գեղանկարչական աշխատանքները:


Միջոցառումը Տեր հոր առաջնորդությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա դիմելով ներկաներին՝ Տ.Նորայրը մասնավորապես ասաց.« Մենք, որպես հայ ժողովրդի զավակներ հազարամյակներ շարունակ ապրեցինք մեր հայրերից ժառանգած այս սրբազան հողի վրա: Մեր ժողովուրդը և եկեղեցին մշտապես կիսեցին պատմության իրենց բաժին հասած և ուրախության և տխրության բաժակը: Երբ մենք սերտենք 20-րդ դարի սկզբի մեր առաջին հանրապետության հռչակման պատմությունը, կտեսնենք, որ այնտեղ մեծագույն հնարավորությունը, որ պարգևեց մեզ անկախությունը, դա մեր ժողովրդի և եկեղեցու միասնական պայքարի արդյունքն էր Գևորգ 5-րդ կաթողիկոսի օրոք: Թարգմանը լինելով՝ ուզում եմ շնորհավորանքը բերել ձեզ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի, մեր ամբողջ հոգևորականության և ժողովրդի կողմից: Պատահական չէ առավել շեշտված այս շնորհավորանքը, որովհետև անկախության պահպանման կարևորագույն գործը կատարում եք դուք սիրելի՛ կուրսանտներ: Դուք մեր ժողովրդի հպարտությունն եք: Թող Աստված պահի պահպանի հայոց բանակը այսօր վաղը և հավիտյանս հավիտենից Ամեն»:


Միջոցառմանը ելույթ ունեցան Հայորդաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները,     «Նարեկ» պարային համույթը և «Հայկազունք» ազգագրական երգի պարի համույթը:


Համերգին ներկա էին նաև Վ.Սարգսյանի անվան ռազմական իստիտուտի սպայական կազմը, հոգևոր սպասավոր Հայկ սարկավագ Թադևոսյանը, հյուրեր:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-05-28
×