Մայիսի 30-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Արտաշատի նորակառույց եկեղեցու դռները, տասներկու սյուներն ու սրբապատկերները: Սրբազան հորն ուղեկցում էին Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը, Ն. Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանը, Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Վերին Արտաշատի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանը, Նոր Նորքի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը:
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ և այս եկեղեցու բարերար Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, արտաշատցիներ և ուխտավորներ:
Շնորհավորելով ներկաներին եկեղեցի ունենալու առթիվ՝ Տ. Նավասարդ Սրբազանը շնորհակալություն հայտնեց եկեղեցու բարերար Հ. Աբրահամյանին, ում ջանքերով հին քաղաքամայր Արտաշատը վերջապես եկեղեցի ունեցավ: Ապա Սրբազան հայրը համայնքին ներկայացրեց նորանշանակ հոգևոր հովվին՝ Տ. Թաթուլ քահանային, ով պիտի շարունակի հովվությունը նաև Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցում: Սրբազան հայրը նաև տեղեկացրեց համայնքին, որ հաջորդ օրը՝ մայիսի 31-ին, Վեհափառ Հայրապետի ձեռամբ կօծվի եկեղեցու ս. սեղանը, և եկեղեցին կդառնա արտաշատցիների հոգևոր կարիքները հոգացող՝ Աստծո տուն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատական բաժին