ԱՀԹ բարեգործական ծրագրերը երեխաների պաշտպանության օրվա առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ բարեգործական ծրագրերը երեխաների պաշտպանության օրվա առթիվ

ԱՀԹ բարեգործական ծրագրերը երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱՀԹ բարեգորածական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը, թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ անհատ բարերար Հերմինե Սարգսյանի և թեմի մի խումբ երիտասարդների հետ բարեգործական այց կատարեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն:

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը նամակ էր գրել՝ հունիսի 1-ի առիթով աջակցել անապահով ընտանիքների երեխաներին:


Տ.Պետրոսի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տեր հայրը երեխաներին և բոլոր ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությունը և շնորհավորանքը երեխաների օրվա կապակցությամբ: Ասաց, որ ուրախ են ևս մեկ անգամ գտնվելու Գյումրիում և աջակցություն ցուցաբերելու Շիրակի թեմի բարեգործական ծրագրերին:


Գյումրեցի տաղանդաշատ փոքրիկների աշխույժ երգուպարից հետո, նրանց օրն էլ ավելի տոնական դարձրին ԱՀԹ-ից ժամանած հյուրերը: ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Սոցիալ-կրթական կենտրոնի տնօրինությանը հրավերի և գեղեցիկ միջոցառման համար, ինչպես նաև ԱՀԹ բարեգործական այցին սիրով միացած անհատ բարերար Հերմինե Սարգսյանի և «Զուզու» կազմակերպությանը: Շուշանը վստահեցրեց, որ երկու թեմերի միջև համագործակցությունը և նմանատիպ բարեգործական նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ: Նախակրթարանի 56 փոքրիկներ նվերների փաթեթներ ստացան՝ հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, քաղցրավենիք և այլն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-06-01
×